Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը
- 2 hours ago
- 1 min read

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ: Այսօր երեկոյան հայ ըմբիշը կգոտեմարտի եզրափակչի ուղեգրի համար:
Մեկնարկային գոտեմարտում Թևանյանը 5-2 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Խամզատ Արսամերզուևի նկատմամբ: Այնուհետև, քառորդ եզրափակչի չափազանց լարված պայքարում նա 2-1 հաշվով պարտության է մատնել բուլղարացի Շամիլ Մամադովին՝ ապահովելով կիսաեզրափակիչի ուղեգիրը:
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ առավելության հասավ Ռազվան Կովաչի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։
Հրայր Ալիխանյանը (79 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ) զիջել են իրենց մեկնարկային գոտեմարտերում, սակայն կպահպանեն պայքարը շարունակելու հնարավորություն, եթե նրանց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ:
Հավելենք, որ կիսաեզրափակչի գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 18:45-ին և կցուցադրվեն «Առաջին ալիքի» ուղիղ եթերում:




















