top of page

Քրտնախաշ․ Ինչ անել

Ջերմային ցանը կամ քրտնախաշը ոչ վնասակար, սակայն խիստ քորով ուղեկցվող մաշկային ցան է: Այն դրսևորվում է մարմնի փակ շրջանների մաշկի վրա մանր կարմիր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Ջերմային ցանը առաջանում է հատկապես մարմնի այն հատվածներում, որտեղ կարող է կուտակվել քրտինք՝ թևատակեր (անութային շրջան), թիկունք, կրծքագեղձերի տակ, կրծքավանդակ, աճուկային ծալքեր, շեք, արմնկային ու ծնկային ծալքեր և դաստակ:

Ջերմային ցանը պատճառվում է տաք և բարձր խոնավության պայմաններում քրտնագեղձերի բորբոքմամբ, որն առաջացնում է՝

մանր կարմիր բշտեր,

գրգռող քոր և խաշվելու զգացում,

ախտահարված շրջանի մաշկի կարմրություն և այտուց:

Որոշ, հատկապես՝ հակաբիոտիկներ ստացող կամ թունաքիմիկատների, հոտանյութերի, ներկանյութերի կամ մանրէազերծող նյութերի ներգործությանը ենթարկվող մարդկանց մոտ մաշկային ցան կարող է առաջանալ արևի ճառագայթների ուղղակի ազդեցության պատճառով: Սա կոչվում է լուսադերմատիտ:

Այլ մարդկանց մոտ գարնան կամ վաղ ամռան ամսիներին արևի ճառագայթների ներգործությունը կարող է նպաստել պարանոցի առաջային շրջանի, կրծքավանդակի, ձեռքերի և ազդրերի վրա կարմիր ցանավորման առաջացմանը, որը կոչվում է լուսային բազմաձև ցան (պոլիմորֆ լուսային էրուպցիա, արևային էկզեմա, արևային ալերգիա):

Քրոնիկ մաշկային հիվանդություններով բազմաթիվ մարդիկ կարող են նկատել, որ ամառվա ամիսներին իրենց գանգատներն ու ախտանիշները սրանում են: Եթե ձեր մաշկային հիվանդության ընթացքն արևի ճառագայթներից կամ շոգ պայմաններում վատթարանում է, անհրաժեշտ է այցելել բժշկին:

Նման հիվանդություններից են՝

քրոնիկ սնկիկային վարակներ, օրինակ՝ դերմատոֆիտիա,

ատոպիկ դերմատիտ,

սեբորեային դերմատիտ,

մաշկի քաղցկեղներ կամ նախաքաղցկեղներ:

Ամառվա եղանակի հետ կապված մաշկային ցաների մեծ մասը վտանգավոր չէ և մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում է: Նմանատիպ բազմաթիվ ցաները կարող են անվտանգ և արդյունավետ կերպով բուժվել տնային պայմաններում:

Կարևոր է նաև, որ եղանակային շոգ պայմաններում ընդունեք մեծ քանակով ջուր և նվազագույնի հասցնեք ձեր մարմնի վրա արևի ուղղակի ճառագայթների ներգործությունը:

Դիմեք բժշկին, եթե մաշկացանն ինքնուրույն չի լավանում, ընդհակառակը՝ վատթարանում է կամ ուղեկցվում է մաշկի վարակման նշաններով, այդ թվում՝

ախտահարված շրջանի ցավ, այտուցվածություն, կարմրություն կամ տեղային տաքություն,

մաշկի ախտահարված շրջանի թարախակալում,

ախտահարված շրջանի հարակից տեղամասերում ավշային հանգույցների մեծացում,

ջերմություն, դող և սարսուռ:

Հազվադեպ, մաշկային ցանը կարող է լինել գլխուղեղի կամ ողնուղեղի ախտահարմամբ ընթացող ծանր վարակային հիվանդության նախանշաններից մեկը: 

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն


Comentarios


1/2065
bottom of page