top of page

ԱՄՆ-ի՝ կամուրջներին հասցրած hարվածները կտրել են քաղաքը, որն Իրանին կենդանի է պահում․ The Telegraph

  • 2 days ago
  • 1 min read

Իրանում կամուրջներին ԱՄՆ բանակի հասցրած հարվածները հանրապետության մնացած մասի հետ հաղորդակցության ուղիներից կտրել են Բենդեր Աբաս քաղաքը, որից կախված է ամբողջ Իրանի կյանքը, գրում է The Telegraph-ը։

Նյութում նշվում է, որ մի շարք ռմբակոծությունների հետևանքով 500,000 բնակչություն ունեցող քաղաքը, որով անցնում է երկրի ողջ առևտրի մոտ կեսը, հայտնվել է գրեթե ամբողջությամբ արտաքին աշխարհից կտրված վիճակում։ Բենդեր Աբասը երկրի մնացած մասի հետ կապող կամուրջները ավերվել են, ինչպես և երկաթգիծը։

Բացի այդ, քաղաքում է գտնվում Իրանի գլխավոր ռազմածովային բազան, որից կախված է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի կարողությունը։

Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի ու ավելի է համոզվում, որ նավահանգստային քաղաքի մեկուսացումը հանդիսանում է Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման բանալին։

«Պենտագոնում ավելի ու ավելի են հակվում այն մտքին, որ՝ ուզեն թե չուզեն ԱՄՆ-ում, նրանք ընտրություն չունեն, եթե ցանկանում են վերջ դնել դրան»,- ասել է նա։

Բենդեր Աբասում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգիստը հանդիսանում է Իրանի ոսկե դարպասը, դրանով է անցնում երկրի առևտրի գրեթե կեսը, ներառյալ՝ արդյունաբերական սարքավորումները, շինանյութերը, գյուղատնտեսական արտադրանքը, սպառողական ապրանքները, ինչպես նաև պողպատը, պարարտանյութերը և նավթամթերքը։

Telegraph-ը մատնանշում է, որ նոր հարվածները հարցեր են առաջացնում հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ, քանի որ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաները պահանջում են, որ պատերազմող երկրները տարբերակեն ռազմական օբյեկտները քաղաքացիական ենթակառուցվածքներից։ Փաստաթուղթը, ի թիվս այլոց, ստորագրվել է նաև ԱՄՆ-ի կողմից։

 

 
 
bottom of page