Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները։«Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում՝ ռուսական հետ հրետանին մղելով անհրաժեշտ հեռավորության վրա, որպեսզի այն չօգտագործվի խաղաղ բնակչության դեմ։
(Անհրաժեշտ է) կտրել լոգիստիկ երթուղիները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին` արդյունավետ կերպով պաշարներ տեղափոխել ռազմաճակատի ողջ երկայնքով։
(Դա պետք է) ցույց տա Ռուսաստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարության ձախողումը։
«Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ունակ չեն արագ արդյունավետ որոշումներ կայացնելու, և իրենց գործողություններով ևս մեկ անգամ ապացուցում են, որ քիչ են տիրապետում իրավիճակին»,- հավելեց Պոդոլյակը՝ նշելով պատերազմը ռուսական տարածք տեղափոխելու չորրորդ նպատակը։
«Մտնելով Կուրսկի շրջան` մենք տեսանք, թե որքան ցնցված էին մարդիկ. նրանք ապրում են այլ իրականության մեջ։ Նրանց թվում է, թե պատերազմն արդեն ընթանում է գրեթե եվրոպական երկրների տարածքում, և իրենք ռիսկի գոտում չեն։ Հիմա նրանք լրիվ այլ իրավիճակ են տեսնում։ Իհարկե, այս ամենը լուրջ սոցիալական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ասել է խորհրդականը։
Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինան իր առջև նպատակ չի դնում` գրավել Կուրսկի շրջանի տարածքը, այլ պատերազմ է վարում հենց պաշտպանության շրջանակներում և ոչնչացնում է միայն ռազմական օբյեկտները։
«Սոցիալական օբյեկտները մնում են Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, դրանք ոչ մի արժեք չունեն Ուկրաինայի համար», - ասել է նա:
Comments