Սևանա լճի ափին հայտնաբերվել է «Lexus». վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում
- Arevik Charchyan

- Sep 5, 2024
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, և նրա հագուստը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու փրկարարական ջոկատից և Սևանի ջրասուզակներից։
Արդեն 2 ժամ է՝ ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա լողանալու նպատակով մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։
Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև գյուղացիները և որոնվողի հարազատներն ու ընկերները։




















