Խնդիրը կրկնվում է ամեն տարի․ սպառողը պետք է հրաժարվի պաղպաղակի խախտումներով արտադրանքից. Բաբկեն Պիպոյան
- Armen Sukiasyan
- Jun 5
- 2 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է վերահսկողություն պաղպաղակի արտադրամասերում։
Լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):
«Թամարա» և «Մարտին Սթար» ՍՊԸ-ների պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել, վերը նշված մյուս բոլոր ընկերություններում հայտնաբերվել են։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Aysor.am-ի հետ զրույցում մտահոգիչ գնահատեց այս տվյալները։
Ամեն տարի նույն խախտումները. սա շատ վատ է«Հայտնաբերված խախտումները լուրջ են։ Ամեն տարի արձանագրում ենք նույն բանը, և սա արդեն անթույլատրելի է։ Ստուգումները պետք է բերվեն այն արդյունքին, որ հաջորդ տարի խախտումներ չհայտնաբերվեն։ Եթե դարձյալ խախտումներ կան, նշանակում է՝ վերահսկողության գործիքակազմն արդյունավետ չէ», – ասում է Պիպոյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում առաջին հերթին տուժում է սպառողը, բայց վնասվում են նաև այն քիչ թվով բարեխիղճ արտադրողները, որոնք փորձում են պահպանել ստանդարտները։Չփակվող հոսքագծեր և ոչ պատշաճ ախտահանումՄասնագետը բացատրում է, որ խախտումների հիմքում տեխնոլոգիական սխալներն են։ «Արտադրական փուլում հոսքագծերը չեն կանգնեցվում և պատշաճ չեն ախտահանվում։ Շուկայում պահանջարկի աճի պայմաններում արտադրական ծավալները մեծանում են, և արտադրողները երկարաժամկետ ռեժիմով են աշխատում՝ չապահովելով անվտանգ տեխնոլոգիական դադարներ ու ախտահանումներ»։«Աշխատում ենք՝ ոչ թե ապահովելու անվտանգություն, այլ հաղորդագրություն գրելու համար»Վերահսկող մարմնի աշխատանքը, ըստ Պիպոյանի, հաճախ ձևական բնույթ ունի։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք աշխատում ենք այնքան, ինչքան բավարար է մամուլի հաղորդագրություն գրելու համար, ոչ թե սպառողի անվտանգության ապահովման»։
Նրա կարծիքով՝ պատշաճ վերահսկողությունը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ մակարդակով՝ խնդիրը արմատախիլ անելու, ոչ թե շարունակ արձանագրելու համար։ՍԱՏՄ հաղորդագրությունները՝ որպես ռիսկի հաղորդակցում, ոչ թե հաշվետվությունԲաբկեն Պիպոյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ՍԱՏՄ հաղորդագրությունները շատ ավելի նպատակային էին։ «Դեռևս տարիներ առաջ խախտումներ հայտնաբերելիս հաղորդագրությունները բոլորովին այլ տեսք ունեին. հստակ կար արտադրող, կար արտադրանք, հստակ կար արտադրման օր և հորդոր ու կոչ կար սպառողին՝ ինչ անել։ Այսօրվա հաղորդագրությունները նման են հաշվետվությունների, ոչ թե ռիսկի հաղորդակցման։ Սա շատ վտանգավոր միտում է։ Ցավալի է, բայց փաստ՝ իրենք ռիսկ չեն հաղորդակցում, ուղղակի հաղորդագրություն են տարածում»։
Ի՞նչ պետք է անի սպառողը
Մասնագետը հորդորում է՝ «Ստույգ այն արտադրանքները, որոնց անվանումը հրապարակվել է, սպառողը պետք է հրաժարվի դրանցից՝ անկախ սպառման ժամկետից, մինչ անվտանգությունը երաշխավորող հայտարարությունը կլինի»։
Միաժամանակ, վերահսկող մարմինն ունի պարտավորություն կազմակերպել վտանգավոր արտադրանքի հետկանչ շուկայից։