top of page

ՔՊ-ն Եվրոպայից «տղայա բերում» ընդդիմության վրա

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 2 min read
ree

Այսօր հայտնի դարձավ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը ԵՄ-ին է դիմել՝ խնդրելով օգնել ընտրություններում արտաքին միջամտությունը կանխելու հարցում։ 

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,-  լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Այս ամենն, ըստ ՔՊ-ի, արվում է, որպեսզի 2026-ին Հայաստանում հաղթի ժողովրդավարությունը։ 

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնեն, և տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա, կամ որոշակի երկրներից, որոնք թիրախային չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինեն ժողովրդավարական ընտրություններ և ժողովրդի կողմից ընտրված իշխանություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  

Նրա խոսոքով՝ ԵՄ երկրների ժողովրդավարության, ինչպես նաև տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու փորձը կարելի է կիրառել։

Թե կոնկրետ ումից պետք է պաշտպանվի Հայաստանը, որ երկիրը կամ երկրներն են փորձում Հայաստանի ժողովրդավարությունը հարվածի տակ դնել, ՔՊ-ն չի մեկնաբանում, այս պահին միայն հայտնի է, որ մեր երկիրը Եվրոպային է դիմել և օգնություն խնդրել։

Ընդդիմադիր Փաշինյանն այս դեպքում հռետորական հարց կտար՝ «ուրիշ երկրներից տղա՞ եք բերում մեր վրա», բայց քանի որ այս պահին նա ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ՝ երկրի ղեկավար, այդ հարցը հնչեցնող չկա, իսկ այս ամենը ներկայացնում է որպես ժողովրդավարությունը պաշտպանելուն միտված հերթական ու կարևոր քայլ։ 

Եվ, ըստ էության, կարևոր էլ  չէ, որ մի արտաքին ուժի ազդեցությունը վերացնելու համար մեր պետությունը դիմել է մյուսին, կարևորն այն է, որ այդ մյուսը Փաշինյանի սրտով է, կամ հակառակը՝ Փաշինյանն է այդ կառույցի սրտով։ 

Նշենք, որ մեր երկրին օգնություն տրամադրելու հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Բրյուսելում կայանալիք նախաճաշի ընթացքում։

Դրանից հետո, թերևս, պարզ կդառնա, թե ինչպես է ԵՄ-ն աջակցելու Հայաստանին ու փորձելու վերացնել ընտրություններում արտաքին ուժերի ազդեցությունը։

 
 
1/3191
bottom of page