Համայնքապետարանի աշխատակիցը կալանավորվել է
- 2 hours ago
- 1 min read

Մարտի 10-ին նշանակված էր Դիլիջան համայնքի ավագանու նիստ։ Նիստի օրակարգի հարցերից մեկով նախատեսված էր Դիլիջանի ավագանու 2024 թ. հունվարի 12-ի թիվ 577-Ա որոշմամբ հաստատված Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարել, այդ հանձնաժողովում Արսեն Սարգսյանի փոխարեն` նրա բացակայության ընթացքում, ընդգրկել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Թամրազյանին։ Արսեն Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ինչո՞ւ են Սարգսյանին փոխարինում։ Դիլիջանից ստացված տեղեկությունների համաձայն՝ Արսեն Սարգսյանի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ է քննվում։ Ըստ նույն աղբյուրի՝ Սարգսյանը Դիլիջանի մի բնակչից գումար է վերցրել, խոստանալով, որ դրա փոխարեն հող կտրամադրի, սակայն քաղաքացին հող չի ստացել։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու համար, խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի էջից




















