top of page

Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին»

  • 6 hours ago
  • 1 min read

Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կայացավ իսպանական Էլ Կլասիկոն, որն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» կատարյալ ֆիասկոյով: Բարսելոնայի «Սփոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կատալոնական ակումբը 6:0 հաշվով հերթական անգամ ջախջախեց մադրիդցիներին:

Տանտերերը հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում. 8-րդ րոպեին Ալեքսիա Պուտելիասի բացած հաշիվը շուտով կրկնապատկեց Կարոլինա Գրեմ Հանսենը, իսկ Իրեն Պարեդեսն ու Էվա Պայորը մինչև ընդմիջում հաշիվը դարձրին 4:0:

Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց. «կապտանռնագույնները» շարունակեցին տիրել նախաձեռնությանը: 55-րդ րոպեին Գրեմ Հանսենն իր ակտիվում դուբլ ձևակերպեց, իսկ 74-րդ րոպեին Էսմե Բրուգտսը խփեց կատալոնացիների 6-րդ գնդակը:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջին խաղում նույնպես «Բարսելոնան» առավելության էր հասել մեծ տարբերությամբ (6:2)՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ աննախադեպ՝ 12:2: Այսպիսով, կատալոնացիները շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, իսկ «Ռեալը» լքում է մրցաշարը:

 
 
1/3450
bottom of page