top of page

Սա անընդունելի է․ Մեսիի արձագանքը՝ «Ինտեր Մայամիի» պարտությանը

  • May 3
  • 1 min read

ՄԼՍ-ի հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել էր «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի ֆանտաստիկ քամբեքով և դրամատիկ հաղթանակով՝ 4:3 հաշվով, ընդ որում՝ առաջին խաղակեսում դաշտի տերերը հաղթում էին 3:0 հաշվով։

Հանդիպման հաշիվը արդեն 4-րդ րոպեին բացել է մայամցիների պաշտպան Յան Ֆրեյը՝ օգտվելով Տելասկո Սեգովիայի փոխանցումից։ 25-րդ րոպեին արդեն ինքը՝ Սեգովիան, կրկնապատկել է առավելությունը՝ գոլի հեղինակ դառնալով Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո։ Ընդամենը 8 րոպե անց արգենտինացի աստղը Լուիս Սուարեսի փոխանցումից հետո հաշիվը դարձրել է խոշոր՝ 3:0։

Սակայն «Օռլանդոյի» ֆուտբոլիստները չեն հանձնվել։ Մինչև 78-րդ րոպեն հյուրերի արգենտինացի հարձակվող Մարտին Օխեդան հասցրել է հեթ-տրիկ ձևակերպել ու վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Թայրիզ Սփայսերը խփել է հաղթական գնդակը։ Նշենք, որ «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն այս խաղում արդյունավետ գործողություններով չի աչքի ընկել։

Goal հարթակի փոխանցմամբ՝ «Ինտեր Մայամիի» պաշտպան Յան Ֆրեյը պատմել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի խիստ արձագանքի մասին այս բաց թողնված հաղթանակից հետո.

«Մեր ավագը հանդերձարանում ելույթ ունեցավ և, բնականաբար, շատ բաներ ասաց։ Նա ոգևորեց մեզ հաջորդ խաղից առաջ, բայց նշեց, որ նման կերպ պարտվելն անընդունելի է։ Մենք բոլորս համաձայնեցինք նրա հետ. սա անընդունելի է, և նման բան հաստատ այլևս չի կրկնվի»,- ասել է Ֆրեյը։

Այս պարտությամբ ընդհատվել է «Ինտեր Մայամիի»՝ ՄԼՍ-ում 9 խաղ շարունակվող հաղթական շարքը։ Այժմ թիմը Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 10 խաղից հետո վաստակած 19 միավորով։ «Օռլանդոն», որը տարել է ընթացիկ մրցաշրջանի իր ընդամենը 3-րդ հաղթանակը, 14-րդ տեղում է (10 միավոր)։

Մայիսի 9-ին կայանալիք հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում կմրցի «Տորոնտոյի» հետ, իսկ «Օռլանդո Սիթին» կհյուրընկալվի «Մոնրեալին»։

 
 
1/3563
bottom of page