top of page

Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը ստորագրել են համատեղ հայտարարություն, երկրների միջև փոխանակվել են մի շարք փաստաթղթեր

14 hours ago
2 min read

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հայտարարության ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողությունը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայանգիրը և Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև համագործակցության 2027- 2029 թթ. ճանապարհային քարտեզը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարության նախարար Գուլզաթ Իսամատովան փոխանակել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարար Ակիլ Տոկտոբաևը փոխանակել են Սևանա և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր սոցիալական հիմնադրամի նախագահ Բախտիյար Ալիևը փոխանակել են կենսաթոշակային ապահովության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կուլբանիչբեկ Բոկոնտաևը փոխանակել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին կից անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև համագործակցության հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կուլբանիչբեկ Բոկոնտաևը փոխանակել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության հուշագիրը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևը փոխանակել են Երևան և Բիշքեկ քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Փաստաթղթերի փոխանակման արարողությանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը:


 
 
1/3844
bottom of page