«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի
- 11 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քաղաքական և իշխանական դաշտից, ինչպես նաև Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։
Սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։
Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաև վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները՝ հետաքրքիր է՝ վարչապետը ներկա կլինի՞ Սիմոնյանի հարսանիքին, թե՞ իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով։
Նկատենք, որ սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։ Ուստի սեպտեմբերի 5-ի միջոցառումը կարող է դառնալ ոչ միայն նախկին ԱԺ նախագահի անձնական կյանքի կարևոր իրադարձություն, այլև իշխանական վերնախավի յուրատեսակ հավաք, որտեղ հյուրերի կազմն ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ բացակայությունը քաղաքական առումով պակաս հետաքրքիր չեն լինի, քան բուն հարսանիքը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացրեց մոտ մեկ ամիս առաջ։ Անելա Գուբրյանը Ալեն Սիմոնյանի ընկերոջ դուստրն է, 26 տարեկան է»։




















