Նախընտրական փուլում այդպիսի քննարկումները քաղաքական շահարկման առիթ են տալու. Դավիթ Տոնոյանը՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին
- 5 hours ago
- 1 min read

Կարծում եմ, որ նախընտրական փուլում այդպիսի քննարկումները նպատակահարմար չեն, դրանք քաղաքական շահարկումների տեղիք են տալու: Այս մասին դատարանի բակում 24News-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ 44-օրյայի վերաբերյալ ստեր կան, որոնք ցանկություն ունի պայթեցնել և փակ ֆորմատում հայտնել։
«Այն հարցերը, որոնք ինձ տրվել են, ես տվել եմ սպառիչ պատասխաններ, նույն փոցխի վրա չեմ ուզում կանգնել ևս մեկ անգամ, ավելացնելու բան չունեմ»,- նշել է Տոնոյանը:
Անդրադառնալով հիմա ընթացող դատական պրոցեսին՝ Տոնոյանը ասաց, որ հիմա վիճաբանությունների փուլն է. «Դեռևս կա իմ պաշտպանական փաստաբանի ելույթը, որից հետո հնարավոր է ես էլ ունենամ ելույթ, այնուհետև մեր պնդումներին պետք է արձագանքի դատախազը, դրանից հետո էլ մենք ենք արձագանքելու դատախազին»:
Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում որևէ կերպ կապի եղել է Օնիկ Գասպարյանի հետ, և ի՞նչ նոր փաստեր ու հանգամանքներ կան, որոնք պետք է ի հայտ գան ու ինչ-որ բաներ պայթեցնեն, Տոնոյանը պատասխանեց, որ Օնիկ Գասպարյանի հետ ինքը կապի մեջ չի եղել, իսկ այն, ինչ նա արտահայտում կամ առաջարկում է, նրա խնդիրն է:
«Օնիկ Գասպարյանի հետ իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ շատ լավ հարաբերություններ են եղել, իսկ նշանակմանը կողմ եմ եղել, միջնորդությունը ես եմ գրել»:




















