top of page

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը

  • 2 minutes ago
  • 1 min read

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: Հիշեցնենք, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 2025 նոյեմբերի 6-ին:

Դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Նշված գործի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 27-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է հայցապահանջում ներառված՝ 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքն հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Նույն օրը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ կնքվող հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:

2026 թվականի մարտի 4-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին:

2026 թվականի մարտի 5-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատվել է 2026 թվականի փետրվարի 27-ին կնքված հաշտության համաձայնությունը:

Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է:

 
 
1/3385
bottom of page