«Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական կառույցի նպատակաները և սպառնալիքները Հայաստանի համար
- Octopus Media
- 2 days ago
- 3 min read

«Արևմտյան Ադրբեջան» (Western Azerbaijan Community, WAC) կոչվող կառույցը վերջին տարիներին վերածվել է Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային գործիքի։ Թեև այն ներկայացվում է որպես փախստականների իրավունքների և պատմական արդարության վերականգնման գործընթաց, իրականում այս կառույցի գաղափարախոսությունը և նպատակները ուղղված են Հայաստանի ներսում պետականության հիմքերի խաթարմանը։ Այն առաջ է մղում ոչ միայն իրավական և քաղաքական պահանջներ, այլև մշակութային, բնակչական և աշխարհաքաղաքական օրակարգ, որը կարող է արմատապես փոխել Հայաստանի դեմոգրաֆիան, վարչական կառույցները և ինքնության հիմքերը։ Այս ամենը ձևակերպվում է «մարդու իրավունքների» լեզվով, որպեսզի միջազգային հարթակներում ավելի հեշտ ընդունելի լինի։
Պաշտոնական նպատակներ և փաստաթղթային հիմք
Կառույցի հիմնական փաստաթուղթը «Վերադարձի Կոնցեպցիան» է, որը հստակորեն ձևակերպում է նպատակներն ու մեխանիզմները։ Այն ներառում է հետևյալ դրույթները՝
● Վերադարձի իրավական ամրագրում – Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրում ամրագրվի պարտավորություն «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» համար։ Սա արդեն իսկ Հայաստանին դնում է իրավական պարտավորությունների տակ։
● Միջազգային մանդատ – նախատեսվում է, որ վերադարձն իրականացվի միջազգային ուժերի(ակնարկվում է Թուրքիան) մասնակցությամբ, որը կտեղակայվի Հայաստանի տարածքում և կունենա անվտանգության լիազորություններ։ Սա փաստացի Հայաստանի սուվերենության սահմանափակում է։
● Վերադարձողների իրավասություններ – նախատեսվում է, որ վերադարձողները կունենան իրենց անվտանգության ուժերը և կկարողանան մասնակցել Հայաստանի դատական համակարգին։ Սա ստեղծում է զուգահեռ իշխանության վտանգ։
● Գույքային և հողային պահանջներ – կպահանջվի վերադարձնել հողեր, տներ, համայնքային տարածքներ, իսկ որոշ դեպքերում՝ փոխհատուցում։ Սա ֆինանսական ու սոցիալական լուրջ բեռ կդառնա Հայաստանի համար։
● Լեզվական և մշակութային պահանջներ – ադրբեջաներենի օրինականացում պետական կառույցներում, դպրոցներում և տեղանունների վերականգնում։ Սա նշանակում է հայկական ինքնության համակարգային թուլացում։
Վերջին հայտարարություններ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը մշտապես կմնա Ադրբեջանի պետական քաղաքականության առաջնագծում։ Նրա խոսքերից՝ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով կվերադառնան», պարզ է դառնում, որ այս գաղափարախոսությունը դիտարկվում է որպես գործնական ծրագիր և ոչ թե միայն հռետորաբանություն։ Այս ուղերձը նախատեսված է միջազգային հանրությանը համոզելու, թե «վերադարձը» լինելու է խաղաղ ձևով, սակայն իրականում այն ուղեկցվելու է ճնշումներով ու պարտադրանքներով։
Բաքուն նաև հրապարակայնորեն պահանջում է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնի վերադարձի ժամկետների և պայմանների վերաբերյալ։ Սա ցույց է տալիս, որ «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը օգտագործվելու է որպես լծակ՝ Երևանի վրա ճնշում գործադրելու համար թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ միջազգային հարթակներում։
Թաքնված նպատակներ
Խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս օրակարգի իրական նպատակները շատ ավելի հեռուն են գնում, քան փախստականների վերադարձը.
1. Միջազգային մանդատ Հայաստանի ներսում– Ադրբեջանի նպատակը միջազգային ուժերի(ակնարկվում է Թուրքիան) միջոցով Հայաստանի տարածքում իր ազդեցությունը ներսից հաստատելն է։ Սա կարող է բերել Հայաստանի պետական ինստիտուտների լիազորությունների թուլացման։
2. Դեմոգրաֆիկ ճարտարապետություն – «վերադարձողների» կենտրոնացված բնակեցմամբ կարող են ստեղծվել ադրբեջանական ինքնավար գոտիներ, որոնք ժամանակի ընթացքում կդառնան ճնշման օջախներ։
3. Իրավական և մշակութային փոփոխություններ – պետական կառույցներում ադրբեջաներենի օրինականացումը, տեղանունների փոփոխումը և մշակութային ժառանգության վերաշերտավորումը նպատակ ունեն Հայաստանին աստիճանաբար կլանելու։
4. Տրանսպորտային և աշխարհաքաղաքական նպատակներ – Սյունիքի միջանցքի հարցում ճնշումներ գործադրելու միջոցով Բաքուն փորձում է վերահսկել Հայաստանի ռազմավարական հաղորդակցությունները և թուլացնել նրա կապերը Իրանի և մյուս երկրների հետ։
Ռիսկեր Հայաստանի համար
Այս ծրագրի իրագործումը կբերի բազմաշերտ վտանգների՝
● Իրավական ռիսկեր – Հայաստանի ինքնիշխանության և պետական կառավարման համակարգի խաթարում։
● Սոցիալ-տնտեսական ռիսկեր – լայնածավալ գույքային պահանջներ, ֆինանսական ծանրաբեռնվածություն, ներքին սոցիալական լարվածություն։
● Անվտանգության ռիսկեր – զուգահեռ իշխանության ստեղծում, հնարավոր բախումներ տեղերում։
● Մշակութային ռիսկեր – հայկական ինքնության աստիճանական թուլացում, պատմական ժառանգության աղավաղում։
● Դիվանագիտական ռիսկեր – Ադրբեջանի նարատիվի միջազգային լեգիտիմացում և Հայաստանի մեկուսացում։
Եթե ծրագիրը կյանքի կոչվի
Եթե Ադրբեջանը հաջողի իր այս նախագծում, ապա հետևանքները Հայաստանի համար կործանարար կլինեն.
● Սուվերենության սահմանափակում – միջազգային մանդատով ինքնավար կառույցներ Հայաստանի ներսում։
● Արտագաղթի աճ – հայերի մասշտաբային արտագաղթ որոշ շրջաններից։
● Կախվածություն Բաքվից – տրանսպորտային ուղիների վերահսկում և տարածաշրջանային կախվածություն։
● Մշակութային փոխակերպում – հայկական մշակութային միջավայրի «ադրբեջանականացում»։
● Իրավական ճգնաժամեր – գույքային դատական գործընթացներ, որոնք կթուլացնեն Հայաստանի պետական կառույցները։
Եզրակացություն
«Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե փախստականների իրավունքների պաշտպանության գործիք է, այլ Հայաստանի ներսում «կլանման» գործընթացի մեխանիզմ։ Այն միավորում է իրավական, քաղաքական, տնտեսական, անվտանգային և մշակութային ճնշումները՝ նպատակ ունենալով Հայաստանի պետականությունը թուլացնել և վերջնականապես կախված դարձնել Բաքվից։ Հայաստանի առաջնային մարտահրավերը այս օրակարգը միջազգային հարթակներում կանխելն ու սեփական պետականության հիմքերը ամրապնդելն է։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան