ԿԳՄՍ նախարարը խոստացել է՝ 1 շաբաթից հանդիպել կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ
- Lida Nalbandyan
- Jan 24, 2024
- 2 min read

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է երեքշաբթի՝ հունվարի 30–ին, հանդիպել կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ։ Այս մասին զրույցում ասաց ցույցի մասնակից ուսուցիչներից Վարդուհի Ասատրյանը։ Ուսուցիչները երեկ մի քանի ժամ մնացել են նախարարության շենքի ներսում և հանդիպում են պահանջել նախարարի հետ: Ժաննա Անդրեասյանը համաձայնել է հաջորդ երեքշաբթի օրը հանդիպել ուսուցիչների հետ և լսել նրանց պահանջը: Այս պահին նրանք պահանջում են կասեցնել իրենց աշխատանքից ազատման գործընթացը՝ մինչ նախարարի հետ հանդիպումը տեղի կունենա:
Նշենք, որ ուսուցիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Մեծարգո պարո՛ն վարչապետ, ՀՀ միջնակարգ մասնագիտական կրթությամբ մի խումբ ուսուցիչներ մի քանի անգամ կազմակերպել են բողոքի ակցիաներ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց և ո՛չ լիարժեք պատասխաններից խաբված դիմում ենք Ձեզ`առաջադրելով մի քանի հարց.
-ԳԹԿ-ի մեկ տասնյակից ավել սխալներով մատուցված թեստերի պատճառով,ինչու՞ պետք է աշակերտը զրկվի իր սիրելի ուսուցչից
-Ի՞նչ պատժի արժանացրիք սխալներով հարցաշարեր կազմողներին,թե՞ նրանց փոխարեն պատժում եք աշակերտ-ծնող-ուսուցչին
-Մենք դիմում ենք ներկայացնում նախարար Ժաննա Անդրեասյանին, ինչու՞ է փոխարենը փոխնախարարը կրճատման հրամաններ արձակում
-Պետական հանցագործի հետ անգամ այսչափ անողոք չեն վարվում, ինչպես սեփական երկրում`սեփական մանկավարժի հետ, միայն այն պատճառով, որ հեռակայի դիպլոմ չե՞նք գնել։
-Հարգարժան նախարարականներ, դուք աշակերտի մասին մտածու՞մ եք: Արդյո՞ք գիտեք, որ երեխաներն արցունքներն աչքերին սառած են դպրոց գնում,որովհետև դասարանում օտար ուսուցչի են հանդիպում, նրանք իրենց «ամենավատ» ուսուցչին են ուզում,ինչո՞ւ եք երեխաների նկատմամբ այդչափ անողոք:
Տասնամյակների վաստակ, սեր, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում ուսանածների դասվարների նկատմամբ այս ի՞նչ վերաբերմունքի դրսևորում է:
-Մեկ երկիր օրինակ բերեք, որ մի քանի ամսից ստուգարք հանձնող, այբբենարանի միջոցառում և այլ ուսումնական դաս-հանդեսներ ծրագրած ուսուցիչների առջև փակում են կրթօջախների դռները։
-Դիմում ենք Ձեզ,պարո՛ն վարչապետ, և պահանջում ենք վերականգնել մեր աշխատանքը և`այլ ձևաչափով ստուգել մեր գիտելիքները, մենք խաչուկավորներ չենք, մենք ստեղծագործող, մեթոդածին ուսուցիչներ ենք և մեր ուսերին երկիր ենք պահել, այս ի՞նչ ատելության դրսևորում է:
Պահանջում ենք հարգանք և մեր աշխատանքային իրավունքների վերականգնում։
Այժմ Ձեր արձագանքին ենք սպասում,պարո՛ն Փաշինյան»։
Հիշեցնենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, արդեն 1 ամիս է՝ բողոքում են, որ ատեստավորման ժամանակ 50 տոկոսի շեմը հաղթահարած, բայց 60 տոկոսի շեմին չհասած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին երրորդ անգամ հնարավորություն է տրվել ատեստավորում անցնել, իսկ իրենց այդ հնարավորությունը չի տրվել: Ուսուցիչները մի քանի անգամ հանդիպել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, բաց նամակով դիմել են վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել:




















