Ասել եմ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ. այս հարցի շուրջ պետք է նյարդը զրոյացնել. Նիկոլ Փաշինյան
- 3 minutes ago
- 1 min read

Այս ի՞նչ թեմա է Քյարքիի հարցը, եթե ասում եք Քյարքի չէ, ուրեմն պատերազմ եք հայտարարում, ասել եմ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ: Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ ջան, եկեք հասկանանք՝ այս ի՞նչ թեմա է Քյարքիի թեման, շատ պարզ բան է ասվում, ասվում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, և այս թվաբանության մեջ մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում, և դրանք արտահայտված են այն քարտեզներով, որը արտահայտում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, այդպես չէ, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր չէ։
Սա նշանակում է պատերազմ հայտարարել, և պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Ես կռահում էի իրենց թելած թելից, ու ասել եմ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել և քարուքանդ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ո՞նց ու ի՞նչ սցենարով կլուծվի, դա բոլորովին ուրիշ հարց է, որովհետև մենք մեր պրոբլեմներն ենք տեսնում, նույն պրոբլեմներն էլ Ադրբեջանն ունի։ Մենք պետք է նայենք՝ իրար համար պրոբլե՞մ ենք ստեղծում, թե լուծում ենք պրոբլեմները։
Այս հարցի շուրջ պետք է նյարդը զրոյացնել, երբ որ զրոյացվեց, բոլոր հարցերը կլուծվեն լավագույն ձևով, բայց իրենք չեն ուզում հարցերը լուծվեն լավագույն ձևով, իրենք եկել են շղթաները Հայաստանի ոտին կապելու, իրենց ուզածն այն է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիասթափեցնում եմ, ՀԱՊԿ-ի խաղաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է և խաղաղապահը ժողովուրդն է»,- նշել է Փաշինյանը:




















