top of page

Գյումրին կարող է իր օրինակով ցույց տալ՝ գաղափարի շուրջ հնարավոր է ամբիցիաները կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Ռուբեն Մխիթարյան

Գյումրին կարող է իր օրինակով ցույց տալ՝ գաղափարի շուրջ հնարավոր է ամբիցիաները կողքի դնել ու հասնել դրական արդյունքի: Այս մասին Անտիֆեյքի եթերում ասել է պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ 

«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ ապագա  ենթադրյալ աշխատանքն իրենից ներկայացնելու է հետևյալը՝ բոլորից շուտ գալու եմ գործի, բոլորից ուշ գնալու եմ գործից, եթե պետք լինի՝ չեմ էլ գնալու գործից»,- ասել է Մխիթարյանը։ 

Նա նշեց, որ պատերազմից հետո, երբ տեղի ունեցան 2021 թվականի ընտրությունները, իր ուղեղում անընդհատ պտտվել է այն միտքը, եթե գա այնպիսի ժամանակահատված, երբ որ այս իշխանության թուլացվածության աստիճանն այն մակարդակի լինի, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում հնարավոր լինի իրենց Հայաստանի երկրորդ քաղաքից վտարել, ապա ինքն այդ շանսը ոչ միայն օգտագործելու է, պատրաստ է լինելու օգնել, որպեսզի դա տեղի ունենա։  Նրա խոսքով, բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ այդ փուլը հասունացել է։

«Ինձ համար նաև շատ կարևոր էր, որ որդիս բանակից վերադառնա տուն։ Հասկանում էի, որ իմ յուրաքանչյուր անզգույշ շարժում, կարող էր գուբախտի պատճառ հանդիսանալ ու ինքը երկար ծառայել։ Երբ տղայիս հետ տուն էինք գալիս, ունեցանք հետաքրքիր զրույց, ասաց՝ կարդացել եմ հարցազրույցդ, ինչո՞ւ չես ուզում փորձել։ Ասացի՝ ինչու փորձեմ, պատասխանեց՝ չեմ ուզում դու էլ միշտ խոսացող մնաս, ինձ թվում է պետք է փորձես»,- մանրամասնել է նա։ 

Ըստ նրա, պետական պաշտոնի հավակնություն ունեցող բոլոր մարդիկ պետք է ունենան հստակ հիմնավորում, թե իրենց որդիները ինչու համար չեն ծառայել բանակում, եթե ծառայել են՝ փառք ու պատիվ իրենց։ 

«Դա կարևոր է սոցիալական արդարության և համերաշխության համար։ Եթե մենք դա չանենք, ապագայում բոլոր լեգենդները շարունակվելու են, որը չպետք է շարունակվի։ Մեր պետության  30 տարվա կյանքի քայքայիչ գործոններից մեկն այն է եղել, որ լեգենդների կողքը եղել է նաև այն իրականությունը, որը շարունակվում է նաև հիմա։ Ունենք արտաքին գործերի փոխնախարար, որը գիտության ասպարեզում չգիտենք ինչ է արել, բայց գիտենք ինչքան անճաշակ նասկիներ է հագել ինքը»,- ասել է նա։ 

Նա վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում չի հաղթելու. «Վստահ եմ, որ Գյումրիում գրանցելու եմ հրաշալի արդյունք, այնպիսի արդյունք, որը հիմք է հանդիսանալու պնդելու, որ իմ մասնակցությունն այս ընտրություններին ոչ միայն պետք էր, կարևոր էր, այլ ճանապարհ է ցույց տալու, թե ինչպես է պետք ձերբազատվել Հայաստանում «նիկոլական հորդայից»։ 

Գյումրին կարող է հանդիսանալ Հայաստանում այն քաղաքը, որն իր օրինակով ցույց տա, որ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի, ինչը չստացվեց Երևանում։ 

Ունեմ ներքին զգացողություն, որ Գյումրիում դա ստացվելու է, ունեմ ներքին զգացողություն, որ հաղթելու եմ, մնացածի մասին կխոսենք մարտի 31-ին»։ 

1/2549
bottom of page