Թույլ չենք տա սուրբ քաղաքում պիղծ գոյանքները տիրակալ լինեն. Խաչիկ Մանուկյանը՝ հավատի ու արժեքների համար պայքարի մասին
- Armen Sukiasyan 
- 9 hours ago
- 2 min read

Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը քարոզարշավին բնակչության հետ շփումներից արձանագրել է՝ հիմնական խնդիրը, որին բախվում են մարդիկ, թերահավատությունն է։
«Ափսոսում եմ, որ ուշ եմ ընդգրկվում հասարակական կյանքում այս կարգավիճակով, որովհետև տեսնում եմ՝ ինչքան բացթողումներ կան։ Հայտարարություններ շատ են լսել, որոնք տարիներ շարունակ չեն կատարվել, և հիմա մարդկանց մոտ թերահավատությունը նկատելի է։ Պետք է նախ այդ հավատը վերականգնել», - քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր թեկնածուն՝ նշելով, որ կուտակված խնդիրները շատ են, և իրենք են այն ուժը, որը կարող է համայնքի բնակիչների հետ լուծումներ գտնել։
«Ես չեմ հայտարարում, թե կախարդական փայտիկով եմ եկել, բայց եթե ինչ-որ բան խոստանում եմ, թեկուզ կյանքի գին ունենա՝ պետք է կատարեմ։ Տեսնում եմ, որ մարդիկ կարողացել են հեշտ ու հանգիստ խոստումներ տալ ու հեռանալ, ինչն էլ հուսալքել է մարդկանց»,-ասաց նա:
Մանուկյանը հավատացնում է, որ իրենք ընտրել են ազնիվ պայքարի ճանապարհը. «Մենք գաղափարական պայքար ենք մղում՝ մեր հավատը և արժեքները պահպանելու համար։ Թույլ չեմ տալու, որ իմ սուրբ հողի վրա, իմ քաղաքի վրա այդ պիղծ գոյանքները կարողանան տիրակալ լինել»:
Հարցին, թե ազգային արժեքների և հավատքի մասին խոսույթն Էջմիածնում և հարակից համայնքներում ինչպե՞ս է ընդունվում՝ Մանուկյանը պատասխանեց. «Ովքեր զգում են, որ հայ են ծնվել, պարտավորություններ ունեն, իհարկե, հասկանում են։ Նրանք, ովքեր իրենց դուրս են համարում, կոսմոպոլիտիկ գոյանքներ են, ինչպես ՔՊ-ի շատ տուզիկներ, որոնք հայտարարում են, որ ազգային իղձ չունեն… բա ի՞նչ ունեք, արա՛... Ձեր ունեցածը մենակ պարտություններ, կեղծ օրակարգ, կեղծ խաղաղությունն է, այս ժողովրդին սենց թշվառ օրը քցելը... Բոլոր գետնաքարշ գոյանքները պետք է իրենց ճիշտ գնահատականը ստանան»:
Մանուկյանը հասկանում է, որ այս «չարքապատկան տիրակալները» նախապատրաստում են Մայր Աթոռի վրա հարձակում՝ նախապես «պիղծ պատարագներ» կազմակերպելով:
«Այդպես են անում, որ առանց այդ էլ տրահոված մեր ազգաբնակչությանը հերթական անգամ տրոհեն, իրար վրա կռիվների տանեն: Այդ կեղծ պատարագին անգամ պետական ու ուժային ծառայողները խուսափում էին ակտիվ գործունեությունից, որովհետև այդ աստիճան չի կարելի պիղծ լինել, խոնարհվել թուրքի առաջ, թշնամու առաջ, քծնել: Եթե ամուլ են, ուրեմն պետք է հեռանան, և մենք տիրականորեն մեր ազգի համար հաղթական ընթացք որոշենք»,-ասաց նա:




















