Քանդել, ավերել մինչեւ վերջ
- 36 minutes ago
- 1 min read

Ասում է. «Ժողովրդից տարած ամեն ինչը մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք հատիկ-հատիկ»: Այստեղ բանալի բառերը «քանդելու ենք, վերցնելու ենք» բառերն են, առավել բնութագրականը՝ «քանդելու ենք»-ը, որը մատնում է այս մարդու հոգեբանությունը, արժեհամակարգը, մտադրությունը, վարքագիծը: Եթե դրան նաեւ հավելում ես հիվանդագին հայացքը, վազող աչքերը, կատաղությունից աղավաղված դեմքը, միանգամայն հասկանալի է դառնում, որ պետք է ոչ թե զայրանալ այս անթույլատրելի տեքստը լսելիս, այլ ընդամենը կարեկցել նման հոգեվիճակում գտնվող մարդուն, որն իսպառ կորցրել է ինքնատիրապետումը եւ փորձում է ամեն ապօրինություն մտցնել «ժողովրդի պատվերի» տակ:
Ի վերջո, ի՞նչ է հասկանում երկրի ղեկին պատահմամբ հայտնված այս անձը՝ «ժողովուրդ» ասելով, այն 49 տոկոսի՞ն, որն ինքնին կասկածելի թիվ է, բայց անգամ եթե ենթադրենք, որ իրական է, չէ՞ որ դա մեր հասարակության, այն էլ ակտիվ հասարակության կեսից պակասն է: Իսկ այդ 49 տոկոսը բացի քվե տալը համաձա՞յն է կաթողիկոսի դեմ իրականացվող արշավին, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը, նախկին նախագահներին բռնել-«կզըցնելուն», Տիգրանաշենը հանձնելուն: Չէ՞ որ մարդիկ, եթե անգամ իրեն քվե են տվել, բոլորովին պարտադիր չէ, որ այդ բոլոր վայրենություններին ու ապօրինություններին համաձայն լինեն: Ավելին` վստահ եմ, որ անգամ իր ՔՊ-ական թիմում լիքը մարդ դրան դեմ է: Եվ ի՞նչ է նշանակում` վերցնելու ենք, վերադարձնելու ենք: Մինչեւ այսօր ի՞նչ եք վերցրել եւ վերցրածն ո՞ւմ եք վերադարձրել: Ճիշտ հակառակը` հարկեր վճարող, աշխատատեղեր ապահովող ընկերությունները «քանդում» եք, պետական բյուջեի մուտքերը նվազեցնում, մարդկանց զրկում աշխատատեղից, տապալում աշխատանքը, ոչնչացնում տարիներով ստեղծվածը:




















