Վարչապետը հայի մահ չի ցանկացել, դա քաղաքական բանավեճ էր. Սոնա Ղազարյան
- 3 hours ago
- 1 min read

Վարչապետը ոչ մեկի մահը չէր ցանկացել, նա ընդամենը քաղաքական հարց էր ուղղել քաղաքական գործչին՝ բանավեճի շրջանակում։ Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ինչո՞ւ դու չես մահացել» հարցը՝ ղարաբաղցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի հետ վիճաբանության ընթացքում։
Պատգամավորը շեշտել է, որ Օսիպյանին համարում է քաղաքական դեմք, իսկ տեղի ունեցածը՝ կոշտ հակադարձման մի մաս։ Նրա խոսքով՝ վարչապետի խոսքերը «քաղաքական ձևակերպում» էին, ոչ թե անձնական հարձակում։ «Արթուր Օսիպյանը քաղաքական գործիչ է, և նրանց միջև տեղի է ունեցել քաղաքական քննարկում։ Հայաստանի վարչապետը որևէ համատեքստում չէր կարող մահ ցանկանալ և չի ցանկացել հայ մարդու», - հավաստիացրեց Ղազարյանը։
Հատկանշական է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը աղմկահարույց միջադեպը անվանում է երկու գործիչների հրապարակային քաղաքական քննարկում, մինչդեռ իրավապահ մարմինները Օսիպյանին քրեական մեղադրանքներ էին առաջադրել խուլիգանության և բռնության կոչերի համար, իսկ 2026 թվականի հունիսին խափանման միջոցն ընդհանրապես չեղարկվել էր դատախազի կողմից։
Անդրադառնալով Օսիպյանի կալանքի թեմային՝ պատգամավորը կոչ արեց քաղաքականությունը չխառնել իրավապահների աշխատանքին։ «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պետական ինստիտուտները գործեն օրենքի շրջանակում, իսկ ցանկացած քրեական գործ քննվի բացառապես իրավական դաշտում», - հավաստիացրեց Սոնա Ղազարյանը։




















