«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հենց անվան մեջ կա «կանխարգելում» բառը։ Կենտրոնի պաշտոնական գործառույթների թվում էլ հստակ նշված է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, զանգվածային հիվանդացության ու թունավորումների կանխարգելումը։ ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը Ստեփան Աթոյանն է, իսկ կառույցի լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է, որտեղ այս ոլորտը համակարգում է փոխնախարար Լենա Նանուշյանը։
Սակայն վերջին ամիսների իրադարձությունները տրամաբանական հարց են առաջացնում՝ որտե՞ղ է կանխարգելումը։
Բյուրեղավանում այս տարի պարբերաբար աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիներ են բուժօգնության դիմել։ Հուլիսի դեպքերի ժամանակ միայն մեկ գիշերվա ընթացքում շտապօգնությունը ստացել էր 15 կանչ, 6 քաղաքացի հոսպիտալացվել էր։ Սեպտեմբերին նույն համայնքում նորից քաղաքացիներ դիմեցին նույնատիպ գանգատներով։
Ընդ որում՝ պաշտոնական հետազոտություններով ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել։ Սա, սակայն, պատասխանատվության հարցը չի փակում, այլ նոր հարց է առաջացնում. եթե նույն բնակավայրում ամիսներ շարունակ կրկնվում են աղիքային վարակին բնորոշ դեպքերը, ինչո՞ւ պատասխանատու համակարգը չի կարողանում վերջնականապես պարզել և վերացնել դրանց աղբյուրը։
Ավելի աղաղակող է Ծավի դեպքը։ Այստեղ վտանգը նախ պետական կանխարգելիչ համակարգը չի հայտնաբերել. բնակիչն է իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված՝ սնդիկ, նկատել և ահազանգել։ Միայն դրանից հետո ՀՎԿԱԿ-ը նմուշառում է իրականացրել, և լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ սնդիկի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Ավելին՝ հետագա նմուշառումներով մի քանի ջրաղբյուրներում ևս սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել։
Այսինքն՝ քաղաքացին նախ պետք է վտանգը սեփական բաժակի մեջ տեսնի, հետո միայն կանխարգելման համար պետական բյուջեից ֆինանսավորվող համակարգը սկսի աշխատե՞լ։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը համակարգում է հանրային առողջության և համաճարակաբանական ոլորտը։
Լենա Նանուշյանն ու Ստեփան Աթոյանը շարունակելո՞ւ են միայն դեպքերից հետո արձագանքել, թե որևէ մեկը վերջապես պատասխան է տալու՝ ինչու պետական «կանխարգելումը» սկսվում է այն ժամանակ, երբ քաղաքացին արդեն ահազանգում է վտանգի մասին»։




















