top of page

Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները

  • 3 hours ago
  • 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին հրապարակել է Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագիրը։ Կուսակցությունը 2026-2031 թվականների առանցքային անելիքների մեջ ներկայացրել է տարբեր ոլորտների վերաբերող 100 կետ։ Այս մասին գրում է Civilnet-ը:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը համեմատել է 2020-ի հետպատերազմյան շրջանում կուսակցության 2021-ին  ներկայացրած և 2026-ի նախընտրական ծրագրերը։

Գաղափարախոսություն, արտաքին քաղաքականություն և անվտանգություն

Գաղափարախոսություն

2021-ի ծրագրում առանցքային էր համահայկական մոտեցումը։ Արտաքին քաղաքականության ուղենիշ նշվում էր Հայաստանի և Արցախի ժողովրդի, ինչպես նաև սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։

2026-ի ծրագրում որպես առանցքային գաղափար ներկայացվում է «Իրական Հայաստանի» մոտեցումը։ Ծրագրի նախաբանում նշվում է, որ դրա հիմքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ծրագիրն ազդարարում է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է. Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը»։

Լեռնային Ղարաբաղի հարցը և խաղաղությունը

2021-ի ծրագրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկվում էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման և «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման շրջանակում։ Նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. բանակցային առաջնահերթություն էր համարվում «նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո»:

2026-ի ծրագրում «Արցախ», «ինքնորոշում», «ԼՂԻՄ» կամ «ԵԱՀԿ Մինսկի խումբ» եզրույթներն այլևս չկան։ Փոխարենը շեշտվում է «Խաղաղության ինստիտուցիոնալացումը»։ Նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են՝ հիմք ընդունելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը»: Իսկ արցախահայության խնդիրը ձևակերպված է զուտ որպես սոցիալական կետ. «Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում»։

Ծրագրում նաև նշվում է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակության և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման կարևորության մասին։ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին որևէ անդրադարձ չկա։

Ուշագրավ է, որ չի գործածվում նաև «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական եզրույթը, ինչպես նաև «բռնի տեղահանված» արտահայտությունը։ Սա արտահայտում է նաև վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության փոփոխությունը։

 
 
1/3459
bottom of page