Կան կարուսելի հստակ դեպքեր. Սաղաթելյան
- 12 hours ago
- 1 min read

«Ընտրությունները սկսելուց առաջ և այսօր՝ ողջ օրվա ընթացքում, գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների, նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանտուների, ակտիվի, համակիրների նկատմամբ»,- ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ առավոտից մարդկանց տարբեր պատրվակներով, կեղծ ձայնագրություններով, առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, որոշներին բաց են թողում, որոշներին փորձում մեղադրանք առաջադրել։
«Նպատակն է՝ կազմալուծել, սահմանափակել, խոչընդոտել մեր շտաբների գործունեությունը»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա մի դեպք պատմեց. «Առավոտյան ձերբակալել են Գյումրիի մեր շտաբների պատերից մեկին, բերել են Երևան ԱԱԾ, հետո քննչական կոմիտե, այնտեղ ասել են՝ պետք է այստեղ չբերեիք, տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարցաքննելուց, մի քիչ պահելուց հետո ասել են՝ շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներեք, ցտեսություն»։
Սաղաթելյանը նշեց, որ տեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս կիրառելով՝ փորձում են ուղղորդումներ իրականացնել, վախեցնել, ազդեցության ունենալ մարդկանց ազատ կամարտահայտման վրա։
«Կան կարուսելի հստակ դեպքեր, երբ որ քաղաքացին տեղամաս է մտնում, ըստ էության, ծրարով և 16 համարի քվեաթերթիկը մեջը դրած։ Քվեախցիկներում արձանագրել ենք ծրարներ, այսինքն քաղաքացիներ չէր կարող դուրս գալ քվեախցիկից առանց ծրարի, եթե իր մոտ չլիներ ծրարը։
Դեպքեր կան, երբ որ տեսնում եք մեր կամ ընդդիմադիր այլ միավորների քվերաթերթիկները դուրս են բերել, որպեսզի իշխանությանը ցույց տան, որ կատարել են նրանց հրահանգնքները։
Չնայած այս ամեն ինչին, քաղաքացիների այս ծավալի մասնակցությունը փաստում է հետևյալը՝ իշխանությունն անզոր է վարչական ռեսուրսներով, ամեն ինչով իր վերարտադրությունն ապահովել։
Այս մեծ մասնակցությունը գնահատում ենք շատ բարձր, անհրաժեշտ»,- ասաց Սաղաթելյանը։




















