Կրիմինալ չկա այս գործում, խոսքը 2004 թվականին կատարված գործարքի մասին է. գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի. փաստաբան
- 1 hour ago
- 1 min read

Փաստաթղթերը վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքին, որը հաստատել է ՀՀ Կառավարությունը, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:
«Փաստաթղթերին ծանոթացել եմ, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին և վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքին, որը հաստատել է ՀՀ Կառավարությունը՝ Կառավարության նիստով, որոշմամբ, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն: Հետագայում, երբ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում և այլ օբեկտիվ հանգամանքներ կար, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել՝ վճարելով բավականին մեծ գումար, ու հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ:
Խոսքը վերաբերում է «Մաստեր Կլաս» թենիսի տարածքի մասին, մենք մանրամասները կներկայացնենք, բայց հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվաը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել: Համապատասխանաբար այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առ ու վաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրման ծրագրի արդյունքում ներդրողը պարտավորություններ է ստանձնել, տվյալ դեպքում՝ Հարություն Փամբուխչյանը: Սեդրակ Քոչարյանը տարածք չի գնել, ներդրում է կատարել ընկերությունում»,- նշել է Օրբելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Այս գործընթացը հաջորդել է օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում նրա ելքի սահմանափակմանը։




















