Իրանում արձագանքել են ԱԱ-2026-ին հավաքականի մասնակցության վերաբերյալ ՖԻՖԱ-ի հայտարարությանը
- 2 hours ago
- 1 min read

Իրանի ֆուտբոլային միության փոխնախագահ Մեհդի Մոհամմադ Նաբին մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հայտարարությունը՝ կապված աշխարհի 2026 թվականի առաջնությանը Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության հետ։ Ավելի վաղ Ինֆանտինոն նշել էր, որ իրանական թիմը հանդես կգա գալիք Մունդիալում:
«Մեզ համար առաջնայինը ՖԻՖԱ-ի կանոններն ու կանոնակարգերն են, և մենք հարգանքով կընդունենք կառույցի ցանկացած որոշում։ Յուրաքանչյուր հյուրընկալող երկիր պարտավորություններ է ստանձնել ՖԻՖԱ-ի առջև և պետք է խստորեն պահպանի դրանք։ Երբ Ինֆանտինոն տեղեկացավ, որ մենք ընկերական հանդիպումներ ենք անցկացնում, անձամբ այցելեց մեզ, և մենք բավականին արդյունավետ զրույց ունեցանք»,- իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ֆրանսիական Footmercato պարբերականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտնել էր, որ կառույցը բանակցություններ է վարում ԱԱ-2026-ի շրջանակներում Իրանի ընտրանու հանդիպումները ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ։
Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված՝ նախկինում Իրանում չէին բացառել առաջիկա Մունդիալին մասնակցելուց հրաժարվելու հավանականությունը: Դրան զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել էր, որ Իրանի ազգային հավաքականի ներկայությունը համաշխարհային ստուգատեսին տեղին չէ։




















