Կարծում եմ իրենց իրավունքներն են պաշտպանել․ համադասարանցին՝ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղաների մասին
- 3 hours ago
- 1 min read

Իրենք երբեք ոչ մի կռվի մասնակից չեն եղել, կարծում եմ, որ այդ ժամանակ իրենց իրավունքներն են պաշտպանել, եղբայրը՝ եղբոր, ինքն էլ՝ իր: Այս մասին այսօր ՆԳՆ–ի դիմաց` ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալվածների ակցիայի ժամանակ ասել է Միքայլի և Դավիթի համադասարանցին:
«Կյանքիս կեսն իրենց հետ եմ անցկացրել ու այն մեկնաբանությունները, որը կարդացել եմ հոլովակների տակ, ուղղակի աբսուրդային էին: Իրենք եղել են մեր դասարանի կապող օղակը՝ միշտ բարի, միշտ օգնող: Վիրավորել մարդուն առանց ճանաչելու՝ կարծում եմ, շատ սխալ է, որովհետև մենք ոչ թե վիրավորում ենք մարդուն, այլ նաև իր ամբողջ ընկերներին ու ընտանիքին: 9 տարվա ընթացքում իրենք իրական եղբայրներ են եղել ոչ միայն իրենց համար, այլ նաև մեր: Եղել են գերազանցիկ ու միշտ, երբ մենք նայել ենք իրենց՝ ցանկացել ենք իրենց նման սովորել ու ունենալ նման դաստիարակություն, որովհետև այնպես, ինչպես իրենց են դաստիարակել՝ կարծում եմ, բոլորը կցանկանային այդպիսի դաստիարակություն ունենալ: Միքայելն ու Դավիթը մեզ ցույց տվեցին, թե ինչ է նշանակում լինել միշտ միասնական ու մեկը մյուսի մեջքին կանգնած»,- նշել է նա:
Նշենք, որ այս պահին ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում եկեղեցու բակում ձերբակալված դպրոցականների դասընկերները, ուսուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ՝ Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագը դեռ չէր ավարտվել ու Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց, մի երիտասարդ փորձեց հարվածել նրան: Միջադեպից հետո վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ ձերբակալվեցին:




















