top of page

«Փաստ». Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից

  • 2 hours ago
  • 1 min read

2025 թվականի հուլիսին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական աղմկահարույց կրճատումը: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ, հաշված օրերի ընթացքում լուծարվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը հայտնի էր իր ռազմահայրենասիրական ծրագրերով և նախաձեռնություններով, իսկ կենտրոնի տնօրենը և որոշ աշխատակիցներ՝ նաև քաղաքացիական հստակ և երբեմն բավականին սուր ընդդիմադիր դիրքորոշմամբ: Լուծարման որոշումից անմիջապես հետո կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ տեղի ունեցածը քաղաքական պատվեր է և կայացված որոշումը ակնհայտ ապօրինի է: Դրան հաջորդել է դատական գործընթացը: Կենտրոնի 10 աշխատակից վիճարկել է ռեկտորի որոշումը՝ դիմելով դատարան:

Նախորդ տարվա ավարտին և այս տարվա սկզբին դատարանը հրապարակել է որոշումներ՝ մասնակի բավարարելով աշխատակիցների պահանջը և պարտադրելով համալսարանին վճարել տուգանք՝ հարկադիր պարապուրդի և վերականգնման անհնարինության համար:

Կենտրոնի աշխատակիցները, սակայն, բողոքարկել են այս որոշումը՝ պահանջելով հայցի լիարժեք բավարարում, այն է` կենտրոնի աշխատակիցների աշխատանքային իրավունքների վերականգնում:

Հետաքրքիր է, որ, ըստ մեր աղբյուրների, ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից: Խոսքը կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանի ներկայացրած հայցի մասին է, որը հայտնի է նաև այս իշխանությունների վերաբերյալ ունեցած սուր դիրքորոշմամբ: Հաշվի առնելով, որ բոլոր հայցերը ներկայացված են նույն հիմքով՝ այս փաստը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու աշխատակիցների այն պնդումը, թե հարցը քաղաքական ենթատեքստ ունի: Հավելենք, որ վերջին 4 տարվա ընթացքում ԵՊՀ-ն, դատարանի որոշումների արդյունքում, աշխատանքից ապօրինի ազատված աշխատակիցներին վճարել է մոտ 80 մլն դրամ:

 
 
1/3513
bottom of page