Ո՞ր մասնագիտություններն են պահանջված Հայաստանում
- 6 hours ago
- 1 min read

Այս տարի ամենաշատ դիմորդն ունի Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երրորդ՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Ասուլիսում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։
Նա նաև նշեց, որ վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի, առավել շատ դիմորդներ քննություն են հանձնում «Անգլերեն» առարկայից. հունվարին հանձնել են 7222 դիմորդ, հունիսին կհանձնի 5787 դիմորդ, երկրորդ տեղում է «Մաթեմատիկա» առարկան՝ 5467 դիմորդ, այնուհետև՝ «Հայոց լեզու և հայ գրականություն՝ 4232 դիմորդ, «Կենսաբանություն»՝ 1504 դիմորդ, «Քիմիա»՝ 1299 դիմորդ, «Հայոց պատմություն»՝ 1288 դիմորդ, «Ֆիզիկա»՝ 998։ Մնացած առարկաների դեպքում դիմորդների թիվը քիչ է 400-ից։
Նա թվարկեց նաև ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը՝ նշելով, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, նույնն է. «1 տեղի համար հարաբերկացությամբ շատ դիմորդներ ունի Հերացու անվան բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» կրթական ծրագիրը՝ 2.9 մարդ 1 տեղի համար։
Երկրորդ տեղում Բժշկական համալսարանի «Բուժական գործ»-ն է՝ 2,3 մարդ 1 տեղի համար։
ԵՊՀ իրավագիտություն մասնագիտություն՝ 2,1 մարդ՝ 1 տեղի համար»։
Նա նշեց, որ վերջին շրջանում աչքի է ընկել նաև «Միջավայրի դիզայն» մասնագիտությունը։
Նասիբյանն ասաց, որ վերջին շրջանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության համար 1 տեղի համար 2 դիմորդ է պայքարում, այնուհետև «Հաշվապահություն», «Ֆինանսներ». «Այսինքն՝ 10 պահանջված մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտություններ են»։
Նա նշեց, որ 22 բուհ 53 մասնագիտություն ունի ընդամենը 1 դիմորդ, 31 բուհի 119 մասնագիտություն ընդհանրապես դիմորդ չունի։




















