top of page

«Ժողովուրդ». Կոնջորյանի առանձնատան թեման Հակակոռուպցիոնը ստուգում է. կհամարձակվե՞ն ասել իրականությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 2 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում, քննարկվում է՝ առկա՞ են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն՝ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով (նշվում է նաև՝ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը)։ «Հետք»-ը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։

Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիպոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Այսինքն , ստացվում է, հարմարացրել են տան գինը այնպես, որ եկամտահարկի վերադարձ լինի շքեղ առանձնատան համար և Կոնջորյանն էժանով դառնա դղյակի տեր:

Իհարկե, Կոնջորյանը հրապարակումից հետո հերքել է որևէ «զեղչ» ստանալու փաստը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն մարմնում այժմ փորձում են հասկանալ՝ գործարքում եղել են գնի մանիպուլյացիայի ու հնարավոր արտոնությունից օգտվելու կասկածելի տարրե՞ր, թե՞ խոսքը սովորական շուկայական գործարքի մասին է։

Մնում է սպասել՝ հասկանալու թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն կհամարձակվի ամբողջ ծավալով բացահայտել ՔՊ ղեկավարին առնչվող իրականությունը, թե թեման կդառնա օդում թողած պղպջակ: Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին պարտավոր է (եթե իսկապես ստուգում է ընթանում) ոչ թե լռությամբ «սառեցնել» թեման, այլ հրապարակային ներկայացնել՝ ի՞նչ է ստուգվում, ի՞նչ փաստաթղթեր են պահանջվել, և ինչ ժամկետում սպասել արդյունքի։ Հակառակ դեպքում ստացվում է պարզ բանաձև՝ երբ մեղադրյալը իշխանական է, հակակոռուպցիան վերածվում է քաղաքական լվացքատան․ մի քիչ աղմուկ, մի քիչ «ստուգում» և վերջում՝ ոչ մի պատասխանատվություն։

«Ժողովուրդ»-ը կհետևի ստուգումների ընթացքին ու արդյունքներին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Հայկ Կոնջորյանի կինը դարձել է «Հայփոստ»-ի տնօրեն, ինչը անհնար էր պատկերացնել՝  Կոնջորյանի ՔՊ խմբակցության ղեկավար չլինելու դեպքում, եւ այժմ նա ստանում է ամսական մի քանի մլն դրամ աշխատավարձ: Թերևս մի ստուգում էլ անհրաժեշտ կլինի՝ պարզելու թե ինչպես հենց Կոնջորյանի կինը հաղթեց տնօրենի մրցույթում»։

 
 
bottom of page