top of page

«Ինչո՞ւ է Թբիլիսին կրկնակի հարուստ Երևանից»․ Արշալույս Մղդեսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 2 min read
ree

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանն ու Թբիլիսին բնակչությամբ գրեթե համադրելի քաղաքներ են: Այս օրերին քննարկվում և հաստատվում են Երևանի և Թբիլիսիի 2026 թվականի գլխավոր փաստաթղթերը` բյուջեները: Ահա թե ինչպիսին է պատկերը:


2026 թվականին Երևանի և Թբիլիսիի ֆինանսական հնարավորությունները խիստ տարբեր են: Չնայած երկու քաղաքներում էլ գրեթե նույն քանակությամբ մարդ է ապրում` Թբիլիսիի բյուջեն, որը կազմում է ավելի քան 810 մլն դոլար, Երևանի կրկնակին է` մոտ 400 մլն դոլար:


Երևանի բյուջեի 63%-ը` մետ 247 միլիոն դոլարը, քաղաքի սեփական եկամուտներն են, իսկ 37-ը` 147 միլիոն դոլարը, կառավարության հատկացումները։ Թբիլիսիի պարագայում պատկերը հօգուտ քաղաքի է: Բյուջեի 612 միլիոն դոլարը կամ 75%-ը սեփական եկամուտներն են, իսկ 200 միլիոն դոլարը կամ 25%-ը` կառավարության հատկացումները։


Շատ ընդհանուր գծերով Երևանն իր 400 միլիոն դոլարը բաշխում է հետևյալ կերպ: Ամենխոշոր կտորը՝ մոտ 125 միլիոն դոլար, հատկացվում է կրթությանը (մանկապարտեզներ և դպրոցներ)։ Երկրորդ տեղում տրանսպորտն է: Ավտոբուսների, մետրոյի և տրոլեյբուսների ֆինանսավորմանը (շարժակազմի պահպանում, վառելիք, աշխատավարձ և նորոգում) հատկացվելու է մոտ 83 միլիոն դոլար:


Ճանապարհների շինարարության ու նորոգման վրա կծախսվի մոտ 35 միլիոն դոլար, որից մի զգալի մասը կուղղվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի կառուցմանը։


Թբիլիսին իր 812 միլիոն դոլարը ծախսում է շատ ավելի մասշտաբային ծրագրերի վրա:


Օրինակ` Երևանի համեմատ հսկայական` մոտ 257 միլիոն դոլար է ուղղվում տրանսպորտին։ Այն ներառում է տրանսպորտի ընթացիկ աշխատանքի ապահովումը` նորոգումից մինչև աշխատավարձեր, ինչպես նաև խոշոր նախագծերի մեկնարկը, այդ թվում՝ մետրոյի 97 նոր վագոնների գնման տարեկան վճարումները և ճոպանուղիների հիմնանորոգումը։


Երկրորդ խոշոր ծախսն առողջապահությունն ու սոցիալական ոլորտն է (մոտ 222 միլիոն դոլար). Թբիլիսիի քաղաքապետարանը իր բյուջեից վճարում է քաղաքացիների վիրահատությունների և բուժման համար։


Թեպետ երկու մայրաքաղաքնրում էլ ձևավորվում է այդ երկու երկրների տնտեսության ավելի քան 50%-ը, սակայն Թբիլիսին կրկնակի հարուստ է Երևանից: Բայց դա էլ բացատրություն ունի: Կա մի քանի պատճառ, որից առաջինը հարկերն են: Թբիլիսիի բյուջեում պահում է քաղաքում աշխատող մարդկանց վճարած եկամտային հարկի մի զգալի մասը։ Երևանում այդ գումարն ամբողջությամբ գնում է ՀՀ Պետական բյուջե։


Լիազորությունները ծնում են նաև պարտականություններ: Թբիլիսիի քաղաքապետարանն իր վրա է վերցել շատ ավելի լայն պարտականություններ՝ օրինակ՝ հիվանդանոցային ծախսեր, սոցիալական մեծ փաթեթներ կամ ոստիկանական որոշ ծառայություններ։ Երևանում այդ ամենն իրականացնում է կառավարությունը` պետական փողերով բյուջեից ուղիղ հատկացումներով:


Երևանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, օրինակ` նոր ավտոբուսների գնումը կամ մետրոյի Աջափնյակ կայարանի հիմնական շինարարությունը, ֆինանսավորում է կառավարությունը։ Այդ գումարները ծախսվում են Երևանում, բայց ուղիղ չեն հատկացվում Երևանի քաղաքային բյուջեից։


Այլ խոսքով, Վրաստանի մայրաքաղաքն իր սեփական մեծ եկամուտներով և ծախսերով կենտրոնական իշխանության հետ հարաբերություններում ավելի ազդեցիկ, ուստի` ավելի անկախ գործոն է, քան Երևանը, որն ավելի շատ հույսը դնում է կառավարության աջակցության վրա»։

 
 
bottom of page