Դրոնների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Մարզպետը հայտնել է Լենինգրադի մարզի տարածքում արդեն 135 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ինչպես նշել է մարզի ղեկավարը, Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է 135 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
«Գրանցվել է ԱԹՍ-ի բեկորների անկում Գատչինայի բազմաբնակարան բնակելի շենքի վրա։ Լոմոնոսովի շրջանի Նովոսելյե բնակավայրում վնասվել է կայանված 55 ավտոմեքենա։ Արձանագրվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ։ Մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ, և էլեկտրամատակարարումն օպերատիվորեն վերականգնվում է։ Այս պահին Յանինոյում երկու տրանսֆորմատորային ենթակայան շարունակում է անջատված մնալ», - գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։
Առանց էլեկտրականության է մնացել 50 բազմաբնակարան շենք, որտեղ բնակվում է շուրջ 20 հազար մարդ։
Գատչինայի և Լոմոնոսովի շրջաններում տուժածներ չկան։
«Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հոսպիտալացվել է չորս մարդ՝ կին և երեք երեխա։ Նրանց բոլորի մոտ առկա են ածխածնի մոնօքսիդի (հրդեհի ժամանակ առաջացող շմոլ գազի) թունավոր ազդեցության ախտանշաններ», - նշել է պաշտոնյան։
Իր հերթին Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել «Պետերբուրգյան նավթային տերմինալի» տարածքում և Սանկտ Պետերբուրգի տարբեր շրջաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում։
«Այս գիշեր Պետերբուրգը ենթարկվել է ուկրաինացի նացիստների կողմից ռազմական նշանակության անօդաչու միջոցների հարձակման։ Գործում են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը մարում են Նևսկի, Կրասնոսելսկի, Կրասնոգվարդեյսկի և Մոսկովսկի շրջաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում, ինչպես նաև «Պետերբուրգյան նավթային տերմինալի» տարածքում բռնկված հրդեհները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանափակվել է Պուլկովո օդանավակայանի աշխատանքը», - նշել է Բեգլովը։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հնարավոր են բջջային ինտերնետի աշխատանքի խափանումներ։
Օպերատիվ շտաբը համակարգում է քաղաքային ծառայությունների գործունեությունն ու միջգերատեսչական փոխգործակցությունը։




















