top of page

ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը  Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022 թվականին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք: Արդյունքում՝ Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786.000 ՀՀ դրամի չափով նպաստի գումար:

Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (2 դրվագ), 255–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (2 դրվագ) և 445–րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
bottom of page