Ղարաբաղի բնակչության վերադարձը որպես պետական նպատակ ձևակերպելը նշանակում է վերածնել հայ-ադրբեջանական հակամшրտության տրամաբանությունը․ Ռուբեն Ռուբինյան
- 1 hour ago
- 2 min read

Ղարաբաղի բնակչության վերադարձը որպես պետական նպատակ ձևակերպելը նշանակում է վերածնել հայ-ադրբեջանական հակամարտության տրամաբանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կարծիքն Ազգային ժողովի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին։
Ռուբինյանն արձագանքեց պատգամավոր Քրիստինա Վարդանյանի այն դիտարկմանը, որ ստորագրված փաստաթղթում անդրադարձ չկա հակամարտությունը ծնող պատճառներին։
«Եկեք քննարկենք՝ որոնք են հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ծնող պատճառները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը 1988 թվականին չի սկսվել։ Կարծում եմ՝ կա պատմագիտական կոնսենսուս, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որը տևել է մինչև նախորդ տարվա օգոստոսի 8-ը, սկսվել է 1905 թվականին։ Այն ժամանակ դա կոչվում էր հայ-թաթարական բախումներ»,- ասաց Ռուբինյանը։
Նրա գնահատմամբ՝ հակամարտության առաջացման հիմնական պատճառներից մեկը նույն աշխարհագրական տարածքում հայերի և ադրբեջանցիների խառը բնակությունն էր։ Իր տեսակետը հիմնավորելու համար Ռուբինյանը հիշատակեց Բոսնիայի, Կիպրոսի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները՝ նշելով, որ փոքր ու միջին ազգերի միջև հակամարտությունները հաճախ առաջանում են ընդհանուր տարածքում տարբեր էթնիկ խմբերի խառը բնակության պայմաններում։
Որպես երկրորդ պատճառ՝ ԱԺ նախագահը մատնանշեց տարածաշրջանի նկատմամբ կայսրությունների ազդեցությունը։
«Պատահական չէ, որ այդ կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Ռուսական կայսրությունը մեծագույն պրոբլեմի մեջ էր՝ մի կողմից հեղափոխություն, մյուս կողմից՝ ռուս-ճապոնական անհաջող պատերազմ։ Շատ տարօրինակ պատահականությամբ այսպիսի կոնֆլիկտները սկսվում են, երբ կայսրությունը պրոբլեմներ ունի, թուլանում է, բայց նաև խնդիր ունի իր ազդեցությունը պահպանելու կոնկրետ տարածաշրջանում»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ 1918 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան և կանոնավոր բանակներ ձևավորեցին, հակամարտությունը սրվեց, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո սառեցվեց։ Ռուբինյանի գնահատմամբ՝ նույն շրջափուլը կրկնվեց 1988 թվականին։
Որպես հակամարտությունների ավարտի օրինակ՝ նա հիշատակեց 1923 թվականի հույն-թուրքական բնակչության փոխանակումը՝ նշելով, որ դրա հետևանքով երկու երկրներում ձևավորվեցին կոմպակտ մեծամասնություններ, ինչը, իր գնահատմամբ, կանխեց հույների և թուրքերի միջև նոր էթնիկ միջպետական հակամարտության առաջացումը։
«Այո, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում ապրում ենք մենք՝ հայերս, մեր եզդի, քուրդ, ասորի, ռուս քույրերն ու եղբայրները, նաև Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրները, որոնք այստեղ ընդհանրապես հյուր չեն, իրենց հայրենիքում են, իսկ ադրբեջանցիներն ապրում են Ադրբեջանում։ Եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրեմն չպետք է վերականգնենք կամ խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը մոտավորապես նույն՝ 1905 թվականի վիճակին է բերում»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ նախագահը միաժամանակ ընդգծեց, որ առանձին մարդու՝ նախկին բնակության վայր վերադառնալու ցանկությունը մարդկային տեսանկյունից կարող է արդարացի լինել, սակայն հարցը պետական նպատակ դարձնելը, իր համոզմամբ, այլ հետևանքներ կարող է ունենալ։
«Հետևաբար՝ բնակչության վերադարձի մասին այդ բոլոր խոսակցությունները կոնֆլիկտածին են։ Չեմ ասում՝ դա անարդար է, մարդկային տեսանկյունից կարող է արդար լինել։ Տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից, իհարկե, արդար է․ նա կարող է ասել՝ ես ուզում եմ գնալ իմ տուն։ Բայց երբ դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը։ Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ և ապահովել 100-ամյա խաղաղություն»,- եզրափակեց Ռուբինյանը։




















