top of page

«Կանայք տնօրենների խորհրդում» 2025-2026թթ․ վերապատրաստում․ հաջող ավարտ և նոր հորիզոններ

  • 2 hours ago
  • 2 min read

Փետրվարի 26-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հանդիսավոր կերպով եզրափակեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման ծրագիրը, որը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 21-ին։ Ծրագիրն իրականացվել է «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» նախաձեռնության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ։


Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անկախ փորձագիտական հարթակ է, որի առաքելությունն է կորպորատիվ կառավարման միջազգային առաջադեմ պրակտիկայի և սկզբունքների, ինչպես նաև բարեվարքության մշակույթի առաջխաղացումը՝ որպես Հայաստանի գործարար միջավայրի կենսունակության և մրցունակության հիմնաքար։


48 նոր շրջանավարտ, 78% գիտելիքի աճ

Վերապատրաստումն ավարտել է 48 բարձրակարգ մասնագետ՝ մասնավոր, հանրային և ոչ առևտրային հատվածներից, ովքեր այժմ պատրաստ են ստանձնել պատասխանատու դերեր կազմակերպությունների խորհուրդներում և գործադիր ղեկավար թիմերում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև տղամարդ մասնակիցների ներգրավվածությունը, քանի որ կորպորատիվ կառավարման գիտելիքը համընդհանուր է և հավասարապես արժեքավոր խորհրդի բոլոր անդամների համար՝ անկախ սեռից։


Մասնակիցների գիտելիքների աճը կազմել է տպավորիչ 78%, իսկ շրջանավարտների 98%-ն հայտնել է պատրաստակամություն՝ ջատագովելու ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրումը սեփական կազմակերպություններում։


«Այս արդյունքները վկայում են ոչ միայն վերապատրաստման արդյունավետության, այլև մեր մասնակիցների բացառիկ նվիրվածության մասին։ Համոզված եմ, որ այս 48 շրջանավարտները կդառնան կորպորատիվ կառավարման բարեփոխումների իրական շարժիչ ուժը Հայաստանում», - նշել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։


««Կանայք տնօրենների խորհրդում» եռամսյա ծրագիրը, որն անմիջականորեն առնչվում է նաև իմ մասնագիտական աշխատանքին, ինձ համար բացահայտում էր։ Կառավարման լավ մշակույթը չի կարող գոյություն ունենալ առանց հստակ, թափանցիկ և վստահություն ձևավորող հաղորդակցության։ Ծրագիրն ինձ տվեց ոչ միայն նոր գիտելիք, այլև նոր հայացք՝ հաղորդակցության դերի վրա կորպորատիվ մշակույթի կերտման գործում։ Մասնակիցների գիտելիքների 78% աճը վկայում է, որ ճիշտ պահին, ճիշտ մարդկանց տրված գիտելիքը փոփոխություն է առաջացնում ցանկացած ոլորտում», - նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։


Ավարտական միջոցառմանը ողջույնի խոսք հղեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։

 
 
1/3389
bottom of page