Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է. հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է. Վաղարշապատի համայնքապետարանը՝ Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելու մասին
- 2 hours ago
- 1 min read

Էջմիածնի հրապարակում տեղադրված սյունը՝ Արցախի դրոշով, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանել: Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում ու դրա ապամոնտաժումը Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատ կատարած վերջին այցով պայմանավորված չէ: Այս մասին Aravot.am-ին ասաց Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը:
«Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում, ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությամբ ու ինչ-որ մեկի անձնական ամբիցիաներից ելնելով: Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետեւ թեթեւ քամուց ճոճվել է: Հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է: Վտանգն է վերացվել»,- ասաց Ռոզա Կարապետյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ համայնքապետարանը քննարկո՞ւմ է հրապարակից Արցախի հանված դրոշը սահմանված վայրում, անվտանգ ու քաղաքաշինական նորմերին համապատասխանող մեկ այլ վայրում տեղադրել:
Ի պատասխան Ռոզա Կարապետյանն ասաց՝ ոչ: Նրա խոսքով՝ համայնքապետարանն այսուհետեւ հետամուտ է լինելու, որ որեւէ մեկը ինքնակամ, առանց սահմանված ընթացակարգի որեւէ բան չտեղադրի համայնքում. «Ինքնաբուխ որոշումներ չկայացնեն ու առանց համայնքապետարանի հետ համագործակցելու ու առանց սահմանված ընթացակարգերի ոչինչ չտեղադրեն համայնքում»:




















