top of page

Ատեստավորման միջոցով նախատեսվում է միջինում շուրջ 60 տոկոս վարձատրության բարձրացում. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետ

  • 2 hours ago
  • 2 min read

Հայաստանի ազգային պատկերասրահում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետ՝ քննարկելու պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի բարեփոխումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին թանգարանների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում։ Կատարված աշխատանքներից նախարարը կարևորել է «Թանգարանների մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տվել իրականացնել տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ լուրջ աշխատանքներ:

««Թանգարանների մասին» օրենքի ընդունումը մեզ թույլ տվեց նախատեսել նաև ոլորտում ատեստավորման մեխանիզմը՝ իբրև մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ, որով նախատեսվում է միջինում շուրջ 60 տոկոս վարձատրության բարձրացում ապահովել ոլորտում աշխատող մասնագետների համար: Ատեստավորումը նաև աշխատողների համար կապահովի տարբեր ծրագրերի և սոցիալական երաշխիքների հավելյալ հասանելիություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների թարմացման լրացուցիչ խթան կլինի»,- նշել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ թանգարանների աշխատողների ատեստավորման գործընթացի լավարկման նպատակով հանրային քննարկման է ներկայացվել ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևի փոփոխության նախագիծը: Նրա խոսքով՝ շրջանառվող փոփոխությունն ավելի շատ միտված է համակարգի բովանդակային բարելավմանը՝ հնարավորինս շրջանցելով վարչարարությունը: Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ մեկ տարվա կտրվածքով պետությունն ավելի քան 500 միլիոն դրամ լրացուցիչ միջոցներ կուղղի թանգարանային ոլորտին՝ ատեստավորման արդյունքում աշխատակիցների վարձատրության բարձրացման շարունակականության նպատակով:   

«Ատեստավորման համակարգերը կարիք ունեն շարունակաբար լավարկման․ հատկապես այս փուլում շատ կարևոր են ձեր առաջարկներն ու դիտարկումները՝ միասնական նպատակի հասնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում կավելանա թանգարաններին տրամադրվող պետական աջակցությունը, ինչպես նաև կստեղծվեն թանգարանների կողմից գեներացվող արտաբյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Արտաբյուջեի միջոցները կարող են ուղղվել թանգարանային հավաքածուների համալրմանը, նոր ցուցադրությունների կազմակերպմանը, ինչպես նաև թանգարանների գործունեությունից բխող այլ առաջնահերթ ծախսերի իրականացմանը։ 

Հանրային քննարկման ներկայացված կարգի փոփոխություններով նախատեսվում է ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը վերապահել անմիջապես թանգարաններին՝ ապահովելով ինչպես արդյունավետ կառավարում, այնպես էլ ոլորտային մասնագիտական գնահատման առավել նպատակային և ճկուն մեխանիզմներ։ Կհստակեցվի նաև հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով դրա միասնական, թափանցիկ և կանխատեսելի կիրառումը բոլոր պետական թանգարաններում։

Ատեստավորմանը կարող են մասնակցել թանգարանների կառավարչական, գիտահետազոտական, թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրությունների, թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման գործառույթներ իրականացնող մասնագետները։ Ատեստավորումն իրականացվում է երկու փուլով՝  գրավոր /թեստ/ և հարցազրույց:

Նշվել է, որ կարգի փոփոխությունից կարող են օգտվել պետական, ինչպես նաև համայնքային թանգարանների աշխատողները, որոնց աշխատավարձը ատեստավորումից հետո միջինում կարող է  բարձրանալ 68 հազար  դրամով (աճը՝ 57%):

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ոլորտի ձեռքբերումներին. մասնավորապես՝ նշվել է, որ նախորդ տարի թանգարանները մեկուկես անգամ ավելացրել են սեփական եկամուտները։ Նախատեսվում է ունենալ նաև հուշանվերային արտադրանքների վաճառք, աշխատանքներ են տարվում մասնավորի հետ համագործակցության նոր մոդելների, միջազգային փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ներկաները ԿԳՄՍ նախարարին են ուղղել նաև նոր գործընթացի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ատեստավորման կազմակերպմանը, բովանդակությանը և այլն:

 
 
1/3450
bottom of page