ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 2 min read

Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը գործում են սինխրոն․ խոսքը միայն զուգահեռ ասուլիսների մասին չէ, որոնք տեղի են ունենում նույն օրը` հասարակությանը ներշնչելու, որ քաղաքական պայքարն այս երկու տիտանների միջեւ է, երկու անհաշտ եւ թշնամի հակառակորդների։ Նրանք գործում են սինխրոն, որովհետեւ ունեն ընդհանուր հակառակորդ եւ ընդհանուր շահ։ Երկուսն էլ դեմ չէին լինի, որ հունիսին 7-ին կայանալիք ընտրություններում վերարտադրվեր 2021 թ․ խորհրդարանական ընտրությունների պատկերը․ ՔՊ-ն՝ իշխանություն, «Հայաստան» դաշինքը՝ հիմնական ընդդիմություն։ Անցած 5 տարիների ընթացքում «Հայաստան» դաշինքն առանձնապես խնդիր չստեղծեց Փաշինյանի իշխանության համար, Փաշինյանը դեմ չէր լինի, որ եւս մի 5 տարի նրանք այդ դերը կատարեին։ Նույնը կարելի է ասել «Հայաստան» դաշինքի համար․ ավելի լավ է աշխատել որպես ՔՊ-ին հիմնական ընդդիմություն, քան ընդհանրապես լինել գործազուրկ։ Բայց նրանց՝ երկուսին էլ խանգարում է նոր ի հայտ եկած հանգամանք՝ «Մեր ձեւով» շարժումը, Սամվել Կարապետյանը, երկուսի կռիվն էլ նրա դեմ է, ամեն մեկինը՝ յուրովի։
Նիկոլ Փաշինյանը կռիվ է տալիս նախկինների եւ անցյալի վերադարձի դեմ․ Քոչարյանը նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչն է, որն իշխանության վերադառնալու հայտ է ներկայացնում։ Քոչարյանն ասում է, որ հենց ինքն է գլխավորելու իրենց նախընտրական ցուցակը, իհարկե, մի փոքր սեթեւեթում է՝ եթե ավելի արժանավոր թեկնածու չգտնեն, բայց դե պարզ է, որ իրենից արժանի աշխարհի երեսին գոյություն չունի, ուր մնաց՝ Հայաստանում։ Փաշինյանի համար Քոչարյանն իդեալական սպարինգ պարտնյոր է․ անարդար, կոռումպացված, կլանային, բռնության ու ապօրինությունների մասին հիշողություններով հագեցած անցյալի սիմվոլ, եւ ինքն էլ իբրեւ թե պայքարում է այդ անցյալի վերադարձը թույլ չտալու համար։
Քոչարյանի համար էլ Փաշինյանն է հարմար հակառակորդ․ նա երկիրը տարել է պարտության եւ կապիտուլյացիայի, խոստացել է բարելավել մարդկանց կյանքը, երկիրը տանել զարգացման եւ բարգավաճման, բայց նրա գործունեության արդյունքը Արցախի կորուստն է, Հայաստանի պարտությունները եւ տարածքային կորուստները, անարդար կառավարումը, հովանավորչությունը, կոռուպցիան, ներհասարակական թշնամանքը, զարգացման եւ ապագայի հեռանկարի բացակայությունը։
Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ ասում է, որ ինքը Փաշինյանի էլեկտորատից ձայն չի տանելու, ասում է՝ նույնիսկ մի մարդ չի կարող իր կողմը տանել, դրանով չի էլ զբաղվելու․ նրա հիմնական թիրախն ընդդիմադիր ընտրազանգվածն է, նրանց քվեները։ Փաշինյանի ուզածը հենց դա է, նա ողջունելու է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կիսել այդ ընտրազանգվածը։ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարում է՝ ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարող երկիրը հանել։ Իհարկե, այս ակնարկն ուղղված չէ Փաշինյանին․ քանի որ հենց նա է երկիրը գցել այս վիճակի մեջ, հետեւաբար ո՞ւմ է ուղղված այս հայտարարությունը, իհարկե՝ Սամվել Կարապետյանին, որը եւս հայտարարում է, որ կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։
Կարող են ասել, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանը, իրավունք ունի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել, եւ հասարակությունը, ընտրողն ինքը պետք է որոշի, թե ով կլինի իշխանություն, ով՝ ընդդիմություն, ում է վստահում երկիրն այս վիճակից հանելու գործը կամ ընդհանրապես համարում է, որ երկիրը պետք է թողնել այս վիճակում։ Այս ամենը, իհարկե, տեսության մեջ ճիշտ է, բայց գործնականում Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ հաղթելու Նիկոլ Փաշինյանին, հեռացնելու նրան իշխանությունից, հինգ տարի առաջ նրա մեկնարկային տվյալներն ավելի բարձր էին, որքան էլ նա հակառակը պնդի։ Դրա մասին գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից էլ տպավորություն է, թե նրանք՝ երկուսն էլ, հասկանալով դա, փորձում են օգնել իրար, որ յուրաքանչյուրը պահպանի իր դիրքերը, եւ առկա ստատուս քվոն փոփոխության չենթարկվի։




















