Նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա. Արուսյակ Ջուլհակյան
- 6 hours ago
- 1 min read

Նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա: Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը:
«Նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ չի պարունակում հղում անկախության հռչակագրին: Այդտեղ Ալիևը ոչ մի կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին և այդ հարցը շահարկեք: Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն:
Մենք ոչ թե վերցրել ենք Սահմանադրությունը և մեջից ինչ-որ բաներ ջնջել կամ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ, և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ: Կարևորն այն է, որ յուրաքանչյուրս առաջնորդվենք մեր պետականության ամրապնդման և ժողովրդի, մեր պետության տարածքում հարատևության ապահովման հրամայականով»,- նշել է Ջուլհակյանը:
Անդրադառնալով հրապարակման ժամկետներին՝ Ջուլհակյանը նշեց, որ դեռ ունեն քննարկումների կարիք, այդ թվում թիմի ներսում, հրապարակման ժամկետը մինչև տարեվերջ է:
«Հենց պատրաստ լինի, վերջնականացնենք, ու կզգանք, որ դա ամբողջական տեքստն է ու արժանի է հանրությանը հրամցնել որպես Սահմանադրության արդեն եղած նախագիծ, կհրապարակենք»,- հայտնել է նա:




















