Ապրենք համերաշխ, իրականություն դարձնենք մեր հերոս զավակների իղձերը, իրենք իրենց թանկագին կյանքը ընծայեցին. Վեհափառ

«Ես ամեն անգամ ասել եմ, որ Եռաբլուրը նվիրական վայր է, ու նվիրական վայրերը մեզ համար հարցազրույցի վայր չեն, նվիրական վայրերը մեզ համար աղոթքի ու ապրումի վայրեր են: Մեր ուղերձը, ինչքանով գիտեմ, առավոտյան արդեն հրապարակել են, դա մեր պատգամն ու մաղթանքն է մեր ժողովրդին: Վերստին մեր հայցն ու աղոթքը այսօր Մայր Տաճարում Առ Աստված բարձրացրեցինք՝ նշելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը, մեր խնդրանքը Առ Աստված մատուցեցինք, որպեսզի հայոց պետականությունը, հայրենի երկիրն ու մեր ժողովուրդը անսասան լինեն:
Այնուհետև եկանք այստեղ՝ Եռաբլուր, մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար, մեր խոնարհումը անելու նրանց հիշատակի առջև, և հայցելու, որ ազգի զավակները ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով, և նվիրումով ու հանձնառությամբ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար: Թող Տերը օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց թանկագին կյանքը ընծայեցին, ապրենք համերաշխ և անվրդով կյանքով»,- նշել է նա:




















