Երեք-չորս օր առաջ են տեղեկացրել․ Սոֆի Մխեյանի ելույթը հանվել է Վարդենիսի օրվա և Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգի ծրագրից

Սակայն Սոֆի Մխեյանի մասնակցությունը համերգին չեղարկվել է։ Երգչուհին երեկ հրապարակում էր արել՝ հայտնելով, որ նախապես նախատեսված էր իր ելույթը, սակայն այն ծրագրից հանվել է ոչ իր նախաձեռնությամբ և առանց իրեն հստակ պատճառաբանություն ներկայացնելու։
«Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես։ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է, և ես ներկա չեմ։ Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։ Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։ Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»,– գրել էր երգչուհին։
Tert.am Life-ը կապ հաստատեց Սոֆի Մխեյանի թիմի ներկայացուցչի հետ։ Նա նշեց, որ երգչուհու մասնակցությունը միջոցառմանը նախապես պայմանավորված է եղել, սակայն համերգից երեք-չորս օր առաջ թիմին տեղեկացրել են, որ Սոֆիի ելույթը չեղարկվել է։
«Նախապես ունեցել ենք պայմանավորվածություն, որ այդ օրը Սոֆին պետք է ելույթ ունենար, սակայն համերգից երեք-չորս օր առաջ մեզ տեղեկացրել են, որ Սոֆիի ելույթը ծրագրից դուրս է գալիս»,– ասաց թիմի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Սոֆի Մխեյանը որևէ այլ մեկնաբանություն չունի և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը՝ մասնակցելով իրեն հրավիրող միջոցառումներին։
«Մենք այս ընթացքում որևէ քաղաքում կամ համայնքում որևէ միջոցառման մասնակցությունը չենք մերժել և սիրով մասնակցել ենք։ Մի քանի օր առաջ Ալավերդիում էինք, մի քանի օր հետո Չարենցավանում ենք լինելու, և այդպես շարունակ։ Եթե Սոֆիին հրավիրում են, նա մասնակցում է և իր գործն է անում»,– նշեց նա։
Թիմի ներկայացուցչի խոսքով՝ երգչուհին իր անձնական դիրքորոշումները չի խառնում մասնագիտական գործունեության հետ։
«Սոֆին իր աշխատանքն է անում։ Եթե կա համերգ, հրավիրում են, նա մասնակցում է։ Նա իր գործը որևէ այլ բանի հետ չի խառնում և որևէ տեսակի խնդիր կամ այլ դրդապատճառ չի տեսնում»,– ասաց թիմի ներկայացուցիչը։




















