Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
- 2 hours ago
- 1 min read

Պատգամավորության թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու Հայաստանի դատախազության միջնորդությունը հայկական ընդդիմության ներկայացուցիչների դեմ ճնշումների նոր փուլ է։ Այդ մասին հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է Ura.ru-ն։
«Նման քայլը դիտարկում ենք որպես ճնշումների նոր փուլ՝ իշխանության վերնախավի համար անհարմար ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»,- հայտնել է Մեդվեդևը։
Ըստ նրա, Հայաստանում ընտրությունների ընթացքում ակտիվորեն օգտագործվել է վարչական ռեսուրսը և թույլ են տրվել հարձակումներ, ինչը չի համապատասխանում ժողովրդավարության պաշտպանության մասին իշխանությունների հայտարարություններին։
Նա նաև նշել է, որ Հայաստանում ընտրարշավին Արևմուտքի միջամտությունն աննախադեպ բնույթ է կրել։
«Այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի երկրների լիակատար լռության պայմաններում... Իրենց սիրելի նեոգաղութատիրական գործելակերպի ոգով նրանք բառացիորեն Հայաստանի պետական ապարատը դրել են «ձեռքով կառավարման» ռեժիմի վրա»,- հայտարարել է Մեդվեդևը։




















