top of page

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նշանակել է նախնական դատալսումներ սեպտեմբերի 18–ին

5 hours ago
2 min read
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։

Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանն արդեն հրաժարվել են քննել այս գործը։ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ գործը պետք է քննվի Երեւանում։ Արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել էր գործն ուղարկել Վճռաբեկ՝ որոշելու, թե որ դատարանում գործը պետք է քննվի։

Արդյունքում Վճռաբեկի որոշմամբ, գործը «վերադարձել» է Ռուշանյանի մոտ։

Ըստ մեղադրանքի՝ 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը դատարանը բավարարել է միջնորդությունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։

Մեղադրանքի համաձայն՝ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը հանձնվել են Մայր Աթոռին։ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ-ն է, առաջարկել նրան կարգալույծ հայտարարել: Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը՝ Սարոյանին զրկելով հոգևոր աստիճանից և, հետևաբար, թեմի առաջնորդի լիազորություններից։

Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողություններով գիտակցված խոչընդոտվել է դատարանի որոշման կատարումը։

Գարեգին Բ-ից բացի, նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը, ով արքեպիսկոպոս է և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրենը, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։ 


 
 
1/3776
bottom of page