Փաշինյանն ուզում է նաև Ռուսաստանում գումար վաստակողների քվեները գողանալ, ի՞նչ է նախազգուշացրել Օվերչուկը հայ գործարարներին
- 2 hours ago
- 4 min read

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել է։ Երեկ ԱԺ-ում նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե իր իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն է վարում։
«Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաներն ու համեմատեք նախորդող շրջանների հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների ու այցերի դինամիկան»,- հայտարարել է նա և հավելել․ «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և այն հինգ անդամ երկրներից մեկը, որոնք որոշումներ են կայացնում։ Մարդիկ, որոնք սադրանքների են դիմում, ուզում են ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, ոչնչացնել։ Ավելի լավ է՝ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և չենք վիճելու։ Մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ լինի տնտեսական, քաղաքական, սին են, որևէ մեկին չի հաջողվելու դա անել, մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում բալանսավորված քաղաքականությունը, որը նախատեսում է լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ»։
Փաշինյանը հավաստիացրել է, թե Ռուսաստան կատարած իր վերջին այցը շատ հաջող էր, ձեռք են բերվել ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ, որոնց արտահայտությունն առաջիկայում կտեսնենք։ Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, նրանց Փաշինյանն «ինաստրաննիյ ագենտ» է անվանել։
Որքանո՞վ է այսօր հուսալի ու բարիդրացիական Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունների հարաբերությունը և ԵՄ ձգտող Փաշինյանն ինչո՞ւ է փորձում հարվածել և՛ նալին, և՛ մեխին, երբ ակնհայտ ցույց է տալիս, որ իր թիմը հակառուսական կողմնորոշում ունի և որևէ համագործակցության հարցում երբևէ հօգուտ Ռուսաստանի որոշում չի կայացնում։ Անգամ ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ նրան տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ն թևերը լայն բացած իր գիրկը չընդունի Հայաստանին։
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, MediaHub-ի հետ զրույցում, մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հավաստիացումները, ասաց, որ դրանք պարզապես նախընտրական ականջահաճո հայտարարություններ են հասարակության այն հատվածի համար, որոնք կախվածություն ունեն Ռուսաստանից՝ այնտեղ արտագնա աշխատանքի են մեկնում, գումարներ են ստանում Ռուսաստանից, հարազատներ, բարեկամներ ունեն այնտեղ, որոնց նաև այցելում են։ Նրանց այդպես սիրաշահելու միջոցով Փաշինյանը մտադիր է հերթական անգամ խաբել այդ մարդկանց ու խլել նրանց քվեները։
Ժողովրդի մեծ մասն անհանգստացած է նրանով, որ Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի վարած քաղաքականությունը կարող է իրենց կյանքի որակի և անվտանգության վրա կտրուկ բացասական ազդեցություն ունենալ։ Նման հայտարարություններով Փաշինյանը փորձում է փարատել նրանց մտահոգությունները՝ խոսքերով, և շատերը կարող է առանձնապես չվերլուծեն նրա գործողություններն ու ի վերջո հետևություն չանեն, որ այդ մարդու խոսքերն ու գործերը հակասում են իրար։ Զելենսկին, երբ նոր էր ընտրվել, նման պնդումներ էր անում՝ ասելով, թե խաղաղություն է կնքելու, Դոնբասի հետ լեզու են գտնելու։ Բայց վերջում պարզվեց մի քանի հարյուրհազարանոց զորք էր պատրաստել Դոնբասի վրա հարձակվելու համար։ Գործերով է հարկավոր դատել իշխանությունների մտադրությունները։ Քանի տարի է՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երբեմնի սերտ համագործակցությունը դադարեցված է։ Փոխարենը՝ բազմաթիվ այցեր ՆԱՏՕ երկրներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացում, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթերի ստորագրում։ Ի՞նչ ռազմավարական ընդհանրություններ կարող են ունենալ Հայաստանն ու Եվրամիությունը կամ Հայաստանն ու ԱՄՆ-ը՝ պատերազմել Ռուսաստանի դեմ և պարտությա՞ն մատնել Ռուսաստանին։ Եթե Եվրամիության և ԱՄՆ նպատակը դա է, իսկ Հայաստանն էլ դառնում է նրանց ռազմավարական գործընկերը, հետևաբար նաև այդ հարցում է պարտադրված համագործակցել։
Սառեցվել է նաև Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ը ձևական կառույց չէ, դրանում միավորված են հետխորհրդային տարածքի երկրները և ՀԱՊԿ-ն այդ երկրների համար ՆԱՏՕ-ի հնարավոր ագրեսիայի, տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի դեմ երաշխիք է։ Եվ եթե Հայաստանը չի մասնակցում այդ կառույցի գործունեությանը, նշանակում է՝ մի օղակը Հարավային Կովկասի ուղղությամբ դուրս է գալիս, եթե Հայաստանը Ռուսաստանի անվտանգային համակարգում չի գտնվում, ավտոմատ կերպով դառնում է Ռուսաստանի դեմ պատերազմի՝ ՆԱՏՕ-ի գործիքը։ Աշխարհում այլ անվտանգային համակարգ չկա, միայն ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն են։ Եթե մեկում չես, ուրեմն մյուսի մեջ պիտի ընդգրկվես։
Դիտարկմանը, որ նաև տնտեսական ոլորտում համագործակցության դադարեցման քայլեր են արվում։ Ամեն դեպքում ՔՊ-ականները վաղուց են խոսում շուկայի դիվեսիֆիկացման մասին, և Փաշինյանն էլ Պուտինի հետ հանդիպմանը խոսեց ԵՄ շուկային նախապատվությունը տալու մասին։ Բայց քանի դեռ ԵՄ-ն Հայաստանի առաջ շուկան չի բացել, Հայաստանը կշարունակի օգուտներ քաղել ԵԱՏՄ շուկայից։ Ի դեպ, դրանից անմիջապես հետո Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների հանդեպ Ռուսաստանը սկսեց սահմանափակումներ ու պատժամիջոցներ կիրառել։ Սա կարո՞ղ ենք քաղաքական քայլ համարել, մեր զրուցակիցն արձագանքեց՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոց չկա, Հայաստանում է այդպիսին ընկալումը, որ Ռուսաստանը Հայաստանին ինչ-որ բանի համար պատժում է։
«Դրանք ավելի շուտ փոխադարձության սկզբունքից արված քայլեր են։ Եթե Ռուսաստանը հայկական ապրանքների հանդեպ ինչ-որ որոշում է կայացրել, նշանակում է մինչ այդ Հայաստանն արդեն ինչ-ինչ քայլեր է արել ընդդեմ Ռուսաստանի, ինչն էլ պարտադրել է Ռուսաստանին փոխադարձաբար պատասխանել Հայաստանին։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ տնտեսական հարաբերությունները, պատահական չեն։ Օվերչուկը հասկացրել է՝ եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել և վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել և վաստակել Ռուսաստանում։ Նա նաև հստակեցրել է, որ Հայաստանն արդեն կողմնորոշվել է, թե ում հետ պիտի համագործակցի ատոմային էներգետիկայի ոլորտում, դա Ռուսաստանը չի լինելու։ Կարծում եմ՝ Ռուսաստանը քաջատեղյակ է, որ այս առումով Հայաստանը հստակ որոշում է կայացրել և հիմա գործում է փոխադարձության սկզբուքնով։ Եթե մինչև վերջերս Հայաստանից ներմուծվող ապրանքների հետ կապված խնդիրների վրա աչք էին փակում, որովհետև Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, և ցանկանում էին, որ հայ տնտեսվարողներն օգտվեն ռուսական շուկայից ու ՀՀ տնտեսության համար աճ ապահովեն, հիմա քաղաքական որոշում կա վերանայել այդ վերաբերմունքը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հանդուգն հայտարարությանը, թե միայն ԵՄ շուկայի հասանելիության դեպքում կհեռանանք ԵԱՏՄ-ից, իսկ մինչև այդ կօգտվենք այդ շուկայի հնարավորությունից, ըստ Այվազյանի, դա Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է։
«Նա Ռուսաստանին բացահայտ ասում է՝ ես գնալու եմ քո թշնամիների մոտ, բայց քանի դեռ այդ թշնամիները պատրաստ չեն քեզ նման իրենց շուկան մեզ համար բացել, թույլ տալ, որ մեր հայրենակիցները գնան այնտեղ աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան, կշարունակեմ օգտվել քո հնարավորություններից՝ մինչև հարմար պահը գա։ Սա նաև թշնամական մոտեցում եմ համարում»,- ամփոփեց խոսքը Հայկ Այվազյանը։




















