«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին
- 2 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՍԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ունեին 15 օր ժամանակ՝ ուսումնասիրելու դիմումները, լսելու կողմերին, հարցեր ուղղելու և խորհրդակցական սենյակ գնալու՝ որոշում կայացնելու համար։ Որոշման եզրափակիչ մասը կհայտարարվի հուլիսի 4-ին։
Արդեն հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանի երկու դատավորներ։ Խոսքը արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։
Մինչ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննող յոթ դատավորները գրեթե օր ու գիշեր ուսումնասիրում են քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները, գործընթացից դուրս մնացած Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը շարունակում են զբաղվել Սահմանադրական դատարանում քննվող այլ գործերով և դիմումների ուսումնասիրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում ընդհանուր մթնոլորտը գնահատում են հարաբերականորեն հանգիստ, սակայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի ծավալն ու հանրային նշանակությունը դատավորներից պահանջում են առավելագույն կենտրոնացում։
Նկատենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կամ անվավեր ճանաչել այն։ Վերջին դեպքում դատարանը կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ, անվավեր ճանաչելով դրանք, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»։




















