«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Armen Sukiasyan

- 7 hours ago
- 3 min read

Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում տպավորություն ստեղծվեց, թե միջուկային համագործակցության շրջանակներում Միացյալ Նահանգները պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում։ Ջեյ Դի Վենսի հնչեցրած հայտարարությունը՝ ներդրումների վերաբերյալ, անկառավարելի ոգեւորություն է առաջացրել իշխանական քարոզիչների, արեւմտամետների շրջանում։
«Սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում, 2-րդ փուլում՝ եւս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության։ Նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր»,- Հայաստանում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հենց այս հայտարարությունն է, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։ Բայց իրականում խոսքը ոչ թե ֆինանսական, այլ տեխնոլոգիական ներդրումների մասին է, որը կարող է իրականացվել Հայաստանում՝ ամերիկյան մոդելով մոդուլային միջուկային ռեակտորի կառուցման պարագայում։ Եթե ավելի պարզ, ապա այն, ինչի մասին խոսում է Վենսը, իրականում ներդրում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ տնտեսության մեջ։
Հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկար չէ, եւ այն պետք է փոխարինվի նոր ատոմային կայանով: Նման կայան կառուցելու առաջարկ արել է Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտոր տեղադրել Հայաստանում։ 5 մլրդ դոլարն այդ ռեակտորի կամ ռեակտորների արժեքն է, որոնք պետք է արտադրվեն ԱՄՆ-ում ու տեղադրվեն Հայաստանում։ Մնացած 4 միլիարդը սպասարկման ու միջուկային վառելիքով լիցքավորման ծախսերն են, որոնք, ի դեպ, հնարավոր է կյանքի կոչվեն երկարաժամկետ հատվածում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ամերիկյան խոշոր ներդրումների մասին, որը միտումնավոր խեղաթյուրում ու տարածում են իշխանականները, նրանց քարոզչամեքենան՝ փոխարենը ջրելով այն թեման, որ սա շատ ավելի թանկ տարբերակ է, քան ռուսականը, եւ փոքր մոդուլային կայանների քողի տակ իրականում թուրք-ադրբեջանական եւս մեկ պահանջ է կատարվում` փակում են մեծ ատոմակայանը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր նաեւ անվտանգային նշանակություն ունենալ եւ մեր թշնամիներին զսպող դեր խաղալ: Այս ճանապարհով Հայաստանին նաեւ փորձում են էներգետիկ կախվածության մեջ գցել, աշխարհում դեռեւս լայն կիրառում չունեցող եւ նվազագույն արդյունավետություն ունեցող մոդուլային ատոմակայանների համար փորձարկման պոլիգոն դարձնել։
Երեկ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը շարունակեց ՔՊ-ի ստի հաղթարշավը եւ իր ճեպազրույցում ազգին շնորհավորեց «պատմական պայմանավորվածությունների եւ այն հնարավորությունների առթիվ, որոնք բացվում են» ԱՄՆ փոխնախագահի՝ Երեւան կատարած այցի շնորհիվ։ Պատասխանելով հարցին, թե ի վերջո Վենսը խոստացե՞լ է ներդրումներ, թե՝ ոչ, Սիմոնյանը հորդորեց բոլոր կարեւոր հարցերում՝ լինի դա անվտանգություն, խոշոր ներդրումներ, թե աշխարհաքաղաքական գործընթացներ, հիմնվել պետական լրատվամիջոցների տեղեկատվության եւ հայտարարությունների վրա։ Մնացածը, նրա խոսքով, հեքիաթներ են, թեպետ իրականում հենց պետական լրատվամիջոցներն էին «ներդրումների» մասին հեքիաթները տարածում։
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց, որ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տարբերակում անգամ «ներդրումներ» բառը բացակայում է։ Խաչատրյանը նաեւ ընդգծեց, որ գործող իշխանությունները հավատարիմ են իրենց զեղծարար գործելաոճին։ «Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել էր, երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ, որն արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքում ներկայացնում էին, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, նման սխալ պատահական չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում։ Բայց մի բան է եռակողմ հռչակագիրը, մի բան է երկկողմ հռչակագիրը։ Նույնը տեղի ունեցավ երեկ՝ «ներդրումներ» բառի հետ կապված, Վենսը «ներդրում» բառ չի ասել, մինչդեռ մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա-հեսա՝ Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում կկատարի, ոմանք նույնիսկ առաջ են գնացել, ասում են՝ 9 միլիարդի օգնություն կստանանք, անգամ չեմ զարմանա, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են՝ ամեն մեկին 1,7 միլիոն փող է գալիս։ Խոսքը գնում էր էներգետիկ ոլորտում առեւտրի մասին, այսինքն, 5 միլիարդի առեւտրի պոտենցիալ կա՝ հիմնական էներգետիկ բնագավառում, եւս 4 միլիարդը՝ վառելիքի գնման, սպասարկման ոլորտում, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ատոմակայան է կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ, թե Հայաստանը հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ-ից, բայց շեշտեց, որ ԱՄՆ-ն ռազմական ահռելի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին․ «Այստեղ մենք պարիտետը չենք տեսնում, Վենսի՝ Բաքու կատարած այցից հետո ավելի պարզ կդառնա»։




















