«Ժողովուրդ». Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան
- 1 hour ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ սպանության գործից անջատված վարույթը շուրջ երկու տարի քննվել է Քննչական կոմիտեում, իսկ վերջին առանցքային գործողություններից մեկը եղել է դատարանից սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը պահանջելը և դրա պարունակությունը հետազոտելը։
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։ Հիշեցնենք նաև, որ այս գործով Քննչական կոմիտե էր հրավիրվել և հարցաքննվել Արգամ Աբրահամյանի կինը՝ Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյանը։ Նրա ցուցմունքների բովանդակությունը նախաքննության շահերից ելնելով չէր հրապարակվել։ Հիշեցնենք, որ Սողոմոն Վլասյանը սպանվել է 2023 թվականի ապրիլի 30-ին՝ Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ։
Սպանության ենթադրյալ կատարող Գեղամ Հակոբյանի գործը դեռ 2024 թվականին ուղարկվել է դատարան։ Ավելի քան երեք տարի անց՝ 2026 թվականի օգոստոսի 8-ին, գործով ձերբակալվեց Արգամ Աբրահամյանը, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կալանք կիրառվեց։ Քննչական կոմիտեի վարկածով՝ Աբրահամյանը, անձնական վրեժխնդրության շարժառիթով, իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին հանձնարարել է սպանել Սողոմոն Վլասյանին։ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։ Այսպիսով՝ ենթադրյալ կատարողի գործից ավելի քան երկու տարի անց դատարան ուղարկվելու շեմին է նաև ենթադրյալ պատվիրատուի վերաբերյալ վարույթը»։




















