Ի՞նչ խաղաղություն, շարունակվող կապիտուլյացիա է, բա Տիգրանաշե՞նը, մնացած բոլոր տարածքների տա՞լը, ի՞նչ է. Տիգրան Թորոսյան
- 36 minutes ago
- 1 min read

«Այսօր աշխատանք է պետք, ծանր աշխատանք է պետք։ Կան ժողովուրդներ, որոնք իրենց ինքնորոշման իրավունքն իրացրել են անգամ առանց պետական մարմիններ ունենալու՝ զրոյից, սկսել են ու արել են։ Պետք է իմանանք պատմությունը, օրինակները, ճանապարհները և պետք է կարողանանք այդ ամենն իրականացնել»,- Երևանի Արցախի ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության 35-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը։
Նա նշեց, որ այն, ինչ կա այսօր, իրականում կարելի է ասել ոչինչ է Արցախի վերադարձի համար. «Արցախն արժանի է նվիրումի, գործի, Արցախը հետ կբերվի, հավատացնում եմ ձեզ, ծանր և ամենօրյա աշխատանքի գնով։
Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Ի՞նչ խաղաղություն։ Գոյություն ունի կապիտուլյացիա, շարունակվող կապիտուլյացիա։ Այսօր էլ է դա տեղի ունենում, վաղն էլ է տեղի ունենալու։ Բա Տիգրանաշե՞նը, մնացած բոլոր տարածքների տա՞լը, ի՞նչ է, կապիտուլյացիա չէ՞։ Դա խաղաղությո՞ւն է։ Ինչո՞ւ պետք է խաղաղություն չլինի, երբ որ թուրքն առանց մի փամփուշտ կրակելու ինչ ուզում, ստանում է»։
Տիգրան Թորոսյանը ներողություն խնդրեց՝ նշելով, որ երբեք նման ձևով չի խոսել Արցախի պետական մարմինների մասին, բայց այսօր պետք է ասի. «Արցախի պետական մարմինները պարտավոր են գործել՝ անկախ դժվարություններից, հալածանքներից։ Մեկ տարի, մի տասնամյակ չէ, որ տեսել ենք այդ հալածանքները, միշտ են եղել, ոչ մեկը չի երկնչել, այդ պատճառով են եղել այդ հաջողությունները, որով այսօր հպարտանում ենք։
Ի՞նչ է նշանակում երկու ամսի չընտրել Ազգային ժողովի նախագահ։ Այս ձևով շարունակելով, հարցերը սառեցնելով՝ ոչ մի հաջողություն չենք ունենալու։
Արցախի Հանրապետությունը եղել է, Արցախի Հանրապետությունը պետք է լինի»։




















