top of page

«Ժողովուրդ». Նոր ընդվզում Բրյուսովում. դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

54 minutes ago
2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բուհում դժգոհության ալիքը չի մարում, ավելին՝ ուսանողների շրջանում ստորագրահավաքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու ծրագրի մասին է։ Չնայած բուհի ներսում առկա դիմադրությանը՝ իշխանությունը շարունակում է առաջ տանել ակադեմիական խոշորացման իր ծրագիրը, իսկ համալսարանի աշխատակիցները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչ է սպասվում իրենց։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բուհի տարբեր շրջանակներում ներկայացնում է, թե միավորման գործընթացը իշխանության և ԿԳՄՍ նախարարության պահանջն է, և ինքը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել։ Սակայն, մեր տեղեկություններով, մասնավոր զրույցներում նա բոլորովին այլ դիրքորոշում է հայտնում՝ նշելով, որ անձամբ դեմ է Բրյուսովի միավորմանը և չէր ցանկանա, որ համալսարանն այդ ճանապարհով գնա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների շրջանում իրականացվող ստորագրահավաքները կարծես թե նաև ռեկտորի սրտով են, քանի որ դրանք կարող են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել միավորման գործընթացի համար։ Ստացվում է՝ մի կողմից՝ հանրային դաշտում ներկայացվում է, որ ծրագիրը պետք է իրականացվի, մյուս կողմից՝ բուհի ներսում շարունակվում է դժգոհության ալիքը։

Իրավիճակը հատկապես լարված է դասախոսական կազմի շրջանում։ Մեր տեղեկություններով՝ դասախոսները չգիտեն՝ միավորման դեպքում ինչ է լինելու իրենց աշխատատեղերի, ամբիոնների և մասնագիտական ուղղությունների հետ։ Նրանց մի մասը մտավախություն ունի, որ խոշորացման անվան տակ կարող են կրճատումներ լինել, և տարիներով բուհում աշխատելուց հետո իրենք կարող են հայտնվել գործազուրկի կարգավիճակում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ համալսարանի ներսում կան նաև շրջանակներ, որոնք փորձում են տարբեր միջոցներով խոչընդոտել միավորման ծրագրի իրականացումը կամ առնվազն թույլ չտալ, որ այն արագ ընթացք ստանա։ Բուհում, փաստորեն, սպասում են կառավարության հաջորդ քայլին՝ մտավախություն ունենալով, որ ցանկացած պահի գործընթացը կարող է մտնել գործնական փուլ։

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի միավորման հարցը նոր չէ։ Դեռևս 2022 թվականին, երբ կառավարության նախաձեռնությունը դարձավ հանրային քննարկման առարկա, բուհում սկսվեցին բողոքի գործողություններ, դասադուլներ, իսկ ուսանողներն ու դասախոսները հանդես եկան միավորման դեմ։ Այդ ժամանակ ևս ստորագրահավաքներ իրականացվեցին, և բուհական համայնքը պահանջում էր պահպանել համալսարանի ինքնուրույնությունը։ Բողոքի ալիքից հետո գործընթացը ժամանակավորապես առկախվեց։

Սակայն այժմ հարցը կրկին օրակարգում է։ Իշխանությունը շարունակում է խոսել «Ակադեմիական քաղաքի» և բուհերի խոշորացման անհրաժեշտության մասին, իսկ երեք բուհերի միավորման հեռանկարը շարունակում է անհանգստացնել Բրյուսովի համալսարանի աշխատակիցներին։ Շրջանառվում է նաև գործընթացը մինչև 2027 թվականը կյանքի կոչելու ժամկետը։

Այսպիսով՝ Բրյուսովի համալսարանում կրկին հասունանում է բողոքի նոր ալիք։ Ուսանողները ստորագրահավաքներով փորձում են իրենց անհամաձայնությունը հայտնել, դասախոսները մտահոգված են իրենց աշխատանքային ապագայով, իսկ բուհի ղեկավարության դիրքորոշման շուրջ շարունակում են հակասական տեղեկություններ շրջանառվել։

Հարցը մնում է բաց՝ արդյոք Կառավարությունը հաշվի կառնի՞ բուհական համայնքի դժգոհությունը, թե՞ Բրյուսովի համալսարանի ճակատագիրը կվճռվի առանց նրանց համաձայնության»։



 
 
1/3933
bottom of page