Այս մարզչի գլխավորությամբ այլևս չեմ խաղա. սենեգալցի ֆուտբոլիստի հայտարարությունը Բելգիայից կրած պարտությունից հետո
- 2 hours ago
- 1 min read

Սենեգալի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Պապ Գեյեն հայտարարել է 2026 թվականի աշխարհի առաջնությունում թիմի մրցելույթների ավարտից հետո հավաքականից հեռանալու մասին։
Գեյեն ընդգծել է, որ չի վերադառնա ազգային թիմ, քանի դեռ մարզչական շտաբը չի փոխվել:
«Ես դադար կվերցնեմ հավաքականում ելույթներիս հարցում այնքան ժամանակ, քանի դեռ ղեկին այս մարզչական շտաբն է»,- Գեյեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականն աշխարհի առաջնությունում իր ելույթներն ավարտեց 1/16 եզրափակիչում։ Պապ Տիավի գլխավորած թիմը չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ՝ զիջելով Բելգիային (2-3), նայած այն հանգամանքին, որ մինչև հանդիպման 86-րդ րոպեն ուներ երկու գնդակի առավելություն: Աֆրիկյան թիմին մրցաշարից դուրս թողած հաղթական գոլը բելգիացիները խփեցին 120+5-րդ րոպեին՝ նշանակված 11-մետրանոց հարվածից:
Ընթացիկ մունդիալում անցկացրած չորս հանդիպումներում Գեյեն դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, «Տերանգայի առյուծների» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 45-ամյա Տիավը Սենեգալի հավաքականը գլխավորում է 2025 թվականի մարտից։ Նրա գլխավորությամբ թիմը հասել էր 2026 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ։




















